Զատիկի մասին

Զատիկի մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով, որն այս տարի մայիսի 24-ին է: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Զատկական առած-ասացվածքներ

 Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

  1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  2. Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  3. Կարմիր ձուն Զատկին կսազե:
  4. Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  5. Զատիկը առանց ձվի չի լինի:
  6. Զատկից հետո կարմիր հավկիթ:
  7. Հենց սովածանան, Զատկի փլավը միտը կբերեն:
  8. Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
  9. Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
  10. Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
  11. Գժի համար ամեն օր Զատիկ է:
  12. Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
  13. Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  14. Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  15. Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ:
  16. Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  17. Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

Զատկական հանելուկներ

Կլորիկ, սիրունիկ
Մեջը դեղին
Փոքրիկ գնդիկ։ (ձու)

Այն ի՞նչն է ի՞նչը
Ինքը կլորիկ
Հագին ունի
Սև ու կարմիր
Պուտիկներով շորիկ։ (զատիկ)

Կլոր է ու թմբլիկ մեջը համեղ խորիզիկ: (գաթա)

Փայտե մարմին,
Սոխը գլխին:
Պաս է պահում,
Եվ միս ու յուղ չի ուտում: (ակլատիզ)

աշխարհի տարբեր երկրներում ինչպես են տոնում Զատիկը

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը,  գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

ֆրանսիական  քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Նորվեգիայում Զատիկին ընդունված է ընթերցել կրիմինալ պատմվածքներ: Հեղինակների կողմից ստեղծվում են հատուկ այդպիսի գրքեր, որոնք անվանում են «Զատիկի օրվա թրիլերներ»: Այս ավանդույթը սերում է 1923 թ-ից:

Չեխիայում Զատիկի օրը տղամարդիկ ուռենու ճյուղերը զարդարում են ժապավեններով եւ դրանցով թեթեւակի հարվածում են կանանց: Համաձայն ավանդույթի` ուռենին գարնան առաջին ծառն է եւ դրա թեթեւ հարվածը կենսունակություն եւ պտղաբերություն է փոխանցում կանանց:

Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ եւ սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տեւում է երեք ժամ:

Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգթոնում տարիներ շարունակ Զատիկը նշվում է հատուկ արարողակարգով: Եփված գունավոր հավկիթները դրվում են խոտի վրա եւ մարդիկ դրանք պետք է փորձեն գլորել մեծ գդալների միջոցով: Այս արարողությունը անցնում է երաժշտության ներքո: Կազմակերպվում են նաեւ այլ սպորտային միջոցառումներ` երեխաներին առողջ ապրելակերպ քարոզելու նպատակով:

Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի:

Իտալիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով եւ այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին:

paint ծրագրով նկարիր Ծաղկազարդի պատկերներ և կցիր գրառմանդ։