Կոմիտասի մասին տեղեկություններ

  1. Կոմիտասի իրական անուն ազգանունը Սողոմոն Սողոմոնյանն է:

2. Կոմիտասի աճյունը Հայաստան է բերել Դանիել (Դանուշ) Ալեքսանդրի Շահվերդյանը:

3. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

4. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

5. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

6. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  

7.  1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

8.  ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

9. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

10. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

11. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

12. Բեռլինի կայսերական համալսարանի ուսման վարձը օգնում էին հոգալ Խրիմյան Հայրիկն ու Ալեքսանդր Մանթաշյանը, բայց քանի որ այլ միջոցներ չուներ, Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից:

13. Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

14. Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:

15. Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների:

16. Բծախնդիր էր մաքրության հարցում: «Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը»: «Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչև բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ», – պատմում էին մտերիմները:

17. Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:

18. Վաղարշապատում չկային ակումբներ, թատերական ներկայացումներ ու հասարակական միջոցառումներ: Փոխարենը շաբաթական մեկ-երկու անգամ ուսուցիչներով հավաքվում էին ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու: Հավաքների ամենաուրախ անդամներից մեկը Կոմիտասն էր: Նա շատ սրամիտ ու կենսուրախ, հումորի ծով մարդ էր՝ օժտված էր կատակերգակ դերասանի հատկություններով:

19. Մտերմիկ հավաքույթների ժամանակ Հրաչյա Աճառյանն ու Կոմիտասը հաճախ երկուսով ներկայացնում էին Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում՝ զվարճացնելով իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ խնդրում էին կրկնել այդ տեսարանը:

20. Տաղանդավոր պարող էր: Ճեմարանի հավաքույթների ժամանակ ներկաների խնդրանքով կատարում էր իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Պարում էր տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:

21. Սիրում էր նարդի խաղալ ուժեղ խաղացողների հետ: Խաղընկերներից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Կոմիտասը խաղում էր արագ, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում ու դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում ու գնում վազվզելու երեխաների հետ:

22. Սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:

23. Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

24. Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:

25. Կոմիտասը շատ էր սիրում ծաղիկներ: Նրա բնակարանը միշտ զարդարված էր թարմ ծաղիկներով՝ իր սիրած վարդերով ու մեխակներով, որոնք սենյակը լցնում էին անուշ բույրով:

26. Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:

Աղբյուր

Գործնական քերականություն

1.Տեքստի մեջ գտիր ուղղագրական սխալները և ուղղիր

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արդնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարեվանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.

-Տեղիցտ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսոր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:
Առաջադրանքները՝ Կարինե Պետրոսյանի