Վիլյամ Սարոյան, «Ծննդյան տոներից երեք օր հետո»:

Վեց տարեկան ու արդեն երեք ամսական Դոնալդ Իֆոն կանգնել էր 3-րդ պողոտայի և 37 – րդ փողոցի անկյունում, որտեղ նրա բարկացած հայրիկը՝ Հարին, մի ժամ առաջ պատվիրել էր մի րոպե սպասել մինչև ինքը մտնի խանութ ու որոշ բաներ առնի Ալիսի համար, որը հիվանդ պառկած էր, անընդհատ հազում էր ու լաց լինում: Ալիսը երեք տարեկան էր և ամբողջ գիշեր բոլորին արթուն էր պահել: Դոնալդի բարկացած հորը՝Հարիին այդ աղմուկ-աղաղակը բոլորովին դուր չէր եկել, ու նա ամեն ինչի մեղքը գցել էր մայրիկի վրա: Մայրիկի անունը Մէյբլ էր: ՛՛Մէյբլ Լուիզա Աթքինզ Ֆերնանդես, նախքան Հարի Իֆոյի հետ ամուսնանալս՛՛, մի անգամ տղան լսեց, որ մայրն այդպես ասաց իրենց խոհանոցի կոտրված ապակին փոխող մարդուն: ՛՛Ամուսինը մոր կողմից կիսով չափ հնդկացի է, ես էլ հորս կողմից եմ կիսով չափ հնդկացի: Ճիշտ է, Ֆերնանդեսը ավելի շուտ իսպսնսցու կամ մեքսիկացու ազգանուն է, քան հնդկացու, բայց մեկ է՝ հայրս կիսով չափ հնդկացի էր: Չնայած մենք երբեք նրանց մեջ չենք ապրել, ինչքան կիսով չափ հնդկացիներից ոմանք են անում: Միշտ էլ ապրել ենք մեծ քաղաքներում՛՛:Տղան բանվորական լայն շալվար էր հագել ու մի հին, վանդակավոր պիջակ, որը հոր վրայով փոքրացել էր և կարող էր տղային վերարկուի տեղ ծառայել, եթե նրա հագին այդքան անշնորհք չնստեր: Ուղղակի պիջակի թևերն էին կարճացրել, որպեսզի տղայի վրա մի կերպ հարմարեցնեն և ուրիշ ոչինչ: Բայց գրպաններն այնքան կախ էին, որ տղան անվերջ ձեռքերը շփում էր տաքանալու համար: Արդեն առավոտյան ժամը տասնմեկն էր:Դոնալդի հայրիկը մտել էր խանութ, շուտով դուրս կգար, և նրանք տուն կգնային, մայրիկը կաթ ու դեղ կտար Ալիսին, և Ալիսը էլ լաց չէր լինի ու հազա, և մայրիկն ու հայրիկը էլ չէին կռվի ու գոռգոռա:Այդ խանութ ասվածը ոմն Հեգըրթիինն էր: Երկու մուտք ուներ՝ մեկը պողոտայի անկյունից, մյուսը կողքի՝ 37-րդ փողոցից: Հարի Իֆոն ներս մտնելուց հինգ րոպե հետո դուրս էր եկել հենց 37-րդ փողոցի մուտքով: Նա չէր մոռացել իրեն սպասող տղային, պարզապես ուզեցել էր մի պահ անջատվել ամեն ինչից՝ թե տղայից, թե մնացած բոլորից: Ընդամենը մի կում հացի օղի էր խմել, որն իմիջիայլոց, շատ թանկ էր նստել: Ախր քսանհինգ սենթ էր վճարել, իսկ դա անաստված թանկ է մի պստիկ բաժակ հացի օղու դիմաց: Նա մի շնչով դատարկել էր բաժակը, շտապ դուրս եկել ու քայլել- գնացել՝ միտք ունենալով մի քանի րոպեից հետ գալ, վերցնել տղային, հետո ուտելիք ու դեղ առնել և վերադառնալ տուն, որ տեսնի, թե ինչ կարելի է անել իր փոքրիկ աղջկա հիվանդության համար, բայց ինչպես էր պատահել, կամա, թե ակամա, քայլելով հեռացել էր:Վերջիվերջո, Դոնալդը ներս մտավ խանութ ու միանգամից նկատեց, որ սա իր տեսած խանութներից ոչ մեկին նման չի: Սպիտակ պիջակով մարդը նայեց նրան ու ասաց.- Քեզ չի կարելի էստեղ մտնել: Գնա տուն:- Ուր է հայրիկս:- Էս տղայի հայրիկը ներսն է, — ձայն տվեց մարդը, և ներսում եղածները՝ ուղիղ յոթ տղամարդ, շուռ եկան ու նայեցին Դոնալդին: Միայն մի պահ նայեցին, հետո նորից անցան խմելուն ու զրուցելուն:- Քո հայրիկն էստեղ չի, — ասաց մարդը, — ով էլ որ լինի:- Հարին է, — ասաց Դոնալդը, — Հարի Իֆոն:- Ես Հարի Իֆո անունով ոչ մեկի չգիտեմ: Դե, գնա տուն:- Նա ասաց, որ մի րոպե դրսում սպասեմ:-Հա հասկացանք: Էհ, էստեղ հազար ու մի մարդ է մտնում խմելու, հետո թողնում գնում: Երևի նա էլ է էդպես արել: Եթե քեզ ասել է, որ դրսում սպասես, ավելի լավ է դրսում սպասես: Քեզ էստեղ չի կարելի մնալ:- Դրսում ցուրտ է, — ասաց բարմենը: Բայց էստեղ քեզ չի կարելի մնալ: Կամ հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, կամ էլ գնա տուն:- Չգիտեմ ոնց գնամ, — ասաց տղան:- Ձեր հասցեն գիտես:Տղան ակնհայտորեն չհասկացավ հարցի իմաստը, ուստի բարմենը փորձեց հարցն այլ ձևով տալ:-Ձեր տան համարն ու փողոցի անունը գիտես:-Չէ: Մենք քայլելով եկանք: Եկանք՝ դեղ առնենք Ալիսի համար: Հա, հասկասանք, — համբերությամբ ասաց բարմենը: — Հասկացանք, որ դրսում էլ ցուրտ է, բայց մեկ է՝ լավ կանես էստեղից դուրս գաս: Փոքր տղաները էստեղ մտնելու իրավունք չունեն:Հիվանդոտ տեսքով, մոտ վաթսուն տարեկան մարդ՝ համարյա հարբած ու կիսամեռ, վեր կացավ սեղանից ու մոտեցավ բարմենին.-Ես ուրախությամբ տղային տուն կտանեմ, եթե նա կարողանա ճանապարհը ցույց տալ:-Գնա նստիր, — ասաց բարմենը: — Տղան ճանապարհը չգիտի:-Միգուցե գիտի, — ասաց մարդը: Ես էլ եմ երեխեքի տեր, իսկ փողոցը փոքր տղայի տեղը չէ: Ես ուրախությամբ նրան տուն կտանեմ՝ մոր մոտ:-Հասկացանք, — ասաց բարմենը: Բայց գնա նստիր:-Ես քեզ տուն կտանեմ, որդիս, — վրա բերեց ծերուկը:-Ասացինք՝ նստիր, — գրեթե գոռաց բարմենը, ու ծերուկը մնաց շվարած:-Լսիր դու ինձ ինչի տեղ ես դնում, կամացուկ ասաց նա: — Տղան վախեցել է, մրսել ու մորն է ուզում:-Ինչ կլինի նստես, — ասաց բարմենը: — Ես տղայի մասին ամեն ինչ էլ գիտեմ: Բայց դու չէ, որ պիտի նրան տուն տանես:-Ախր մեկնումեկը պիտի նրան տուն տանի՝ մոր մոտ, — կամացուկ ասաց ծերուկն ու զկռտաց: Նրա հագին այնպիսի հնամաշ ու ճմռթված շորեր էին, որ բարմենը համոզված էր՝ դրանք հաստատ ինչ-որ բարեգործական հիմնարկից են սրան բաժին ընկել: Երևի գրպանում էլի մի երեսուն-քառասուն սենթ կունենար գարեջրի համար, դա էլ, ամենայն հավանականությամբ, մուրալով էր ձեռք գցել:-Ծննդյան տոներից ընդամենը երեք օր է անցել, — շարունակեց ծերուկը: — Էնքան էլ շատ չի, որ մեզնից ամեն մեկը իրեն թույլ տա մոռանալ, թե փոքրիկ տղային պիտի օգնել տուն հասնի:-Հը, ինչ է պատահել, — նստած տեղից հարցրեց մի ուրիշ խմող:-Ոչ մի բան, — ասաց բարմենը: — Էս տղայի հայրը պատվիրել է, որ դրսում իրեն սպասի, եղած-չեղածն էդ է: Բարմենը դարձավ Դոնալդ Իֆոյին: — Եթե չգիտես, թե ոնց տուն հասնես, ուրեմն հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, քիչ հետո նա կգա ու քեզ տուն կտանի: Դե, գնա, դուրս արի էստեղից:-Տղան դուրս եկավ ու նորից կանգնեց այնտեղ, ուր մի ժամից ավել արդեն կանգնած սպասել էր: — Ծերուկը փորձեց գնալ տղայի հետևից:Բարմենը դուրս թռավ իր տեղից, հասավ ծերուկին, պտուտադռան մոտ բռնեց ուսերից, թափով հետ շրջեց ու բերեց աթոռին նստեցրեց:-Այ էսպես, նստիր, — ասաց նա հանգիստ: — Դու էիր մնում, որ տղայի հոգսը քաշես: Դու քո հոգսը քաշիր: Ես կհետևեմ, որ տղային բան չպատահի:-Լսիր, դու ինձ ինչի տեղ ես դնում, — նորից ասաց ծերուկը:Պտուտադռան մոտ կանգնած ու աչքը դուրսը, որպեսզի փողոցը վերից վար տեսնի, բարմենը՝ մի կարճլիկ, ծանրամարմին իռլանդացի, ոչ հազիվ էր հիսունը բոլորել, շուռ եկավ ու ասաց.-Էս վերջերս քեզ հայելում նայել ես: Դու տղայի ձեռքը բռնած՝ մինչև մոտակա անկյունն էլ չես հասնի:-Էդ ինչի, — զարմացավ ծերուկը:-Որովհետև ոչ հայրիկի ես նման, ոչ պապի, ոչ բարեկամի, ոչ էլ չգիտես թե ում:-Ախր ես էլ եմ երեխեքի տեր, — ասած ծերուկը խեղճացած:-Հասկացանք, — ասաց բարմենը: — Բայց տեղդ սուս -փուս նստիր: Որոշ մարդկանց իրավունք է հասնում, որ երեխեքին բարություն անեն, որոշ մարդկանց էլ՝ չէ, էդքան բան:Նա մի շիշ գարեջուր բերեց ու դրեց ծերուկի սեղանին՝ սրա դատարկ բաժակի կողքին:Էս շիշն իմ հաշվին, — ասաց: — Ինձ իրավունք է հասնում, որ ինձ պես բարեկամներին մեկ-մեկ բարություն անես, բայց քեզ իրավունք չի հասնում մի փոքրիկ տղայի բարություն անել, երբ նրա հայրը հաստատ էստեղ մոտերքում է:Տեղդ սուս – փուս նստիր ու գարեջուր խմիր:-Պետքս չի քո կեղտոտ գարեջուրը, — ասաց ծերուկը: — Դու ինչացու ես, որ քո կեղտոտ պանդոկում ինձ գերի պահես:-Սուս – փուս նստիր, մինչև տղայի հայրը գա ու նրան տուն տանի, իսկ դրանից հետո, թե սիրտդ կուզի, կարող ես էստեղից վազեվազ էլ գնալ:-Ես հիմա եմ ուզում գնալ, — ասաց ծերուկը: — Աշխարհում ոչ մեկից միտք չունեմ վիրավորանքներ կուլ տալ: Եթե քեզ մի երկու բան պատմեի, թե ով եմ, ինչ եմ, դու էլ էդ ձևով հետս չէիր խոսի, գիտեմ:-Դե լավ, — ասաց բարմենը: Նա չէր ուզում գործը բարդացնել, չէր ուզում գլխացավանքի մեջ ընկնել, ու զգում էր, որ տեղի տալով, երևի կարողանա ծերուկի մտքից վանել տղային անպայման օգնելու ցանկությունը: — Շատ լավ, մի երկու բան պատմիր, թե դու ով ես, ինչ ես, ու միգուցե ես իրոք էլ էս ձևով հետդ չխոսեմ:-Ասում եմ՝ չես խոսի, էլի, — վրա բերեց ծերուկը:-Բարմենը ուրախացավ՝ տեսնելով, որ ծերուկը գարեջուր է լցնում իր բաժակի մեջ:Հայացքը չէր կտրում նրանից. Ծերուկը բաժակի մեկ երրորդը պարպեց ու հետո ասաց.-Իմ ազգանունը Էլգեյլեր է, այ թե ինչ:Ծերուկն էլ խմեց, իսկ բարմենը սպասում էր, որ խոսքը շարունակի: Նա հիմա վաճառասեղանի ծայրում էր կանգնել, որ աչքը փողոցում սպասող տղայի վրա պահի: Տղան ցրտից ձեռքերն էր շփում, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր: Ըստ երևույթին, նա հազար տեսակ նեղ օրեր էր տեսել ու արդեն կոփվել, և փողոցում այդպես հորը սպասելը նրա համար այնքան էլ սարսափելի չէր: -Էլգեյլեր, — կրկնեց ծերուկն ու քթի տակ շարունակեց խոսել: Բարմենը չէր լսում, թե նա ինչ է ասում, բայց դա կարևոր էլ չէր, որովհետև գիտեր՝ ծերուկի կողմից արդեն վտանգ չի սպառնում: Նա նորից խորասուզվել էր ինքն իր մեջ, ամբողջովին իր սեփական աշխարհում էր:Մի կին, որ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր կեսօրին այս բարն էր գալիս, ներս մտավ կապը վզին մի պստիկ շան հետ ու ասաց.-Էստեղ՝ դիմացը, մի փոքրիկ տղա է ցրտին կանգնած սպասում: Ում տղան է, դե:Կինը դնովի ատամները սեղմեց ու հայացքը սահեցրեց խմողների վրայով, իսկ շունը պտտվում էր կնոջ ոտքերի մոտ՝ քիչ-քիչ ընտելանալով ներսի տաքությանը:-Ամեն ինչ կարգին է, — ասաց բարմենը: Նրա հայրը գործով տեղ է գնացել:Մի երկու րոպեյից կգա:էհ, լավ կլիներ իսկապես մի երկու րոպեից գար, — ասաց կինը:Իմ ամենաչսիրած բանն է, որ հայրը տղային փողոցում է թողնում:-Էլգեյլեր, — շուռ եկավ ծերուկն ու ազդարարեց իր ամբողջ ձայնով:-Ինչ ասացիր, հարբած անբան, մի սրան տես՝ ծեր էլ մարդ է, — բորբոքվեց կինը: Նրա շունը վզի կապը ձգելով՝ հարձակվեց ծերուկի վրա ու մի քանի անգամ հաչեց:-Կարիք չկա անհանգստանալ, — վրա բերեց բարմենը քաղաքավարությամբ: — Նա ուղղակի իր ազգանունն ասաց:- Հա, լավ է, որ ուրիշ բան չասաց, — ավելացրեց կինը՝ դնովի ատամները կրկին սեղմելով:Շունն էլ փոքր – ինչ խաղաղվեց, բայց ներսի տաքությունից դեռ շարունակում էր դեսուդեն պտտվել: Նրա հագին վերարկուանման մի բան կար, որը տիրուհին միշտ էլ ցուրտ եղանակին կապիչներով ամրացնում էր վրան, բայց ինչ օգուտ, վերարկուն շան ոտքերը չէր ծածկում, իսկ ոտքերը ամենամրսկան տեղն են:Բարմենը մի բաժակ գարեջուր լցրեց կնոջ համար, և նա վաճառասեղանի մոտ կանգնած՝ սկսեց խմել: Հետո բարձրացավ ու նստեց կլոր աթոռիկին՝ ավելի հարմար տեղավորվելու համար, իսկ շունը դադարեց պտույտներ տալուց ու շուրջն էր նայում:Բարմենը մի շիշ գարեջուր էլ դրեց Էլգեյլերի սեղանին՝ էլի անվճար, և առանց խոսքի, առանց նույնիսկ մկ հայացք փոխանակելու, նրանք համաձայնության եկան, որ այս ձևով լեզու կգտնեն:Մոտ երեսունհինգ տարեկան մի տղամարդ, որի դեմքն ու խնամքով կոկված բեղը բարմենին թեթևակի ծանոթ թվացին, ներս մտավ 37- րդ փողոցի մուտքից ու մի բաժակ ցորենի վիսկի պատվիրեց, և խմիչքը լցնելուց հետո, բարմենը շատ կամաց, որ ուրիշ ոչ ոք չլսի ասաց.-Դրսում կանգնածը ձեր տղան է, հա:Տղամարդը փոքրիկ գավակը մոտեցրել էր շուրթերին՝ առանց աչքերը վիսկիից կտրելու, բայց այդ հարցը լսելուն պես՝ հայացքը գցեց բարմենի վրա, հետո մի շնչով դատարկեց բաժակն ու անխոս շարժվեց դեպի դիմացի պատուհանը՝ տղային նայելու: Ի վերջո շրջվեց բարմենի կողմն ու գլուխը տարուբերեց: Մի բաժակ էլ վիսկի պատվիրեց, խմեց, հետո դուրս եկավ ու քայլեց, անցավ տղայի կողքից՝ նրա վրա հազիվ ուշք դարձնելով: Գարեջրի երկրորդ ձրի շիշը վերջացնելուց հետո Էլգեյլերն արդեն նստած տեղը ննջում էր, իսկ շնիկով կինը, սկսեց բարմենին իր շան մասին պատմել:-Ծնված օրից Թիփին կողքիս է, — ասում էր նա, — և մենք անընդհատ միասին ենք: Ամեն մի վայրկյան:-Տասներկուսն անց տասնհինգ բավական լավ հագնված, երեսունին մոտ, մի երիտասարդ մտավ ու շոտլանդական ընտիր վիսկի պատվիրեց, հետն էլ՝ սառույց ու մի կում ջուր, բայց տեղնուտեղն էլ ավելի ցածրորակ վիսկիով բավարարվեց և խմելուց հետո, ասաց.-Հեռուստացույցն ուր է:-Հեռուստացույց չունենք:-Չունենք, — ուրախ-զվարթ հարցրեց երիտասարդը:- Բա էլ ինչ բար: Ես չգիտեի, որ Նյու Յորքում առանց հեռուստացույցի բար կա:Իսկ մարդիկ ինչ են նայում էստեղ, հը:-Մեր ունեցած – չունեցածը մի նվագարկիչ է:-Դե լավ, ինչ արած, — ասաց երիտասարդը:- Եթե ունեցած – չունեցածներդ դա է, ուրեմն դա է: Ինչ կուզեիք լսել:-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:Երիտասարդը կարդաց ավտոմատ նվագարկիչի մեջ զետեղված ձայնագրությունների ցանկն ու հետո հարցրեց.-Ինչ կասես «Ղողանջուն զանգակների» մասին՝ Բենի Գուդմանի կատարմամբ:-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:-Շատ լավ, — ասաց երիտասարդը՝ մի հինգ սենթանոց գցելով նվագարկիչի մեջ: — Թող «Ղողանջուն զանգակները»լինի:Ավտոմատը գործի ընկավ, իսկ երիտասարդը նորից նստեց վաճառասեղանի մոտ, և բարմենը նրա համար մի բաժակ էլ սառույցով վիսկի պատրաստեց: Երաժշտությունն սկսվեց, բայց մի պահ ականջ դնելուց հետո, երիտասարդն ասաց.-Է, սա «Ղողանջուն զանգակները» չի, ուրիշ բան է:-Սխալ համար ես սեղմել:-Ահ, — ասաց երիտասարդը սիրալիր, — ոչինչ: Ինչ անենք, ոչինչ: Սա էլ վատը չի:Տղան կրկին ներս մտավ, բայց նվագարկիչի հանած աղմուկը շատ բարձր էր, որպեսզի բարմենը կարողանար առանց գոռալու տղային դուրս անել, այնպես որ մոտեցավ նրան ու տարավ փողոց՝ էլի իր տեղը:-Ուր է հայրիկս, — ասաց Դոնալդ Իֆոն:-Հիմա ուր որ է, կգա: Դու էստեղ սպասիր:Սա շարունակվեց մինչև ժամը երկուսն անց կես, երբ սկսեց ձյուն գալ: Բարմենը մի հարմար պահ ընտրեց, որ դուրս գա ու տղային ներս բերի: Իսկ հետո գնում-գալիս էր խոհանոց, տղայի համար ուտելիք կրում: Տղան նստել էր մի արկղի վրա, վաճառասեղանի հետևում՝ կողմնակի աչքից հեռու և ուտում էր մի ուրիշ արկղի վրա գցած սեղանից:Ուտելուց հետո տղայի քունը սկսեց տանել, բարմենն էլ գարեջրի դատարկ արկղների վրա նրա համար անկողին պատրաստեց. Ներքնակի տեղ իր վերարկուն էր փռել, իսկ վերմակի տեղ՝ լվացքի զամբյուղից երեք հատ հին գոգնոց բերել ու իր դրսի պիջակը գցել: Բարմենն ու տղան ոչ մի բառ չէին փոխանակել՝ այն պահից ի վեր, երբ նա տղային ներս էր տարել և հիմա, քունը գլխին, պառկած՝ տղան միաժամանակ կարծես ժպտում էր ու հեծկլտում:Առավոտյան բարում խմողները արդեն գնացել էին: Նրանց հետ նաև Էլգեյլերն ու դնովի ատամներով և շնիկով կինը, ու մինչ տղան քնած էր, հաճախորդների կազմը մի անգամ էլ էր փոխվել:Հինգից տասնհինգ էր պակաս, երբ տղան արթնացավ ու տեղում նստեց: Քնից սթափվելով՝ բարմենին հիշեց, բայց նրանք էլի չխոսեցին: Տղան նստել էր, ասես տանը, իր անկողնում լիներ ու քիչ անց, մի տասը րոպե բաց աչքերով երազելուց հետո, ցած իջավ տեղից:Դրսում արդեն մութ էր, և ձյունն այնպես էր թափվում, ինչպես բքի ժամանակ է լինում: Տղան մի պահ նայեց ձյան փաթիլներին, իսկ հետո շրջվեց ու աչքերը բարձրացնելով՝ հառեց բարմենի երեսին:-Հայրիկս եկավ, — ասաց:-Դեռ չէ, — ասաց բարմենը:Նա ծնկի իջավ տղայի հետ խոսելու համար:-Մի քանի րոպեից ես գործս կվերջացնեմ, ու եթե դու կարենաս ձեր տան տեղը ցույց տալ, կփորձեմ քեզ տուն հասցնել:-Ուրեմն հայիկս չի եկել:-Չէ, չի եկել: Երևի մոռացել է, թե քեզ որտեղ է թողել:-Նա հենց էստեղ էլ ինձ թողեց, — ասաց տղան այնպիսի եղանակով, կարծես դա անհնար է մոռանալ:- Հենց էստեղ՝ դիմացը:-Գիտեմ:-Գիշերային հերթի բարմենը՝ սպիտակ պիջակը հագին, դուրս եկավ խոհանոցից ու նկատեց տղային:-Էս ով է, Ջոն: Քո երեխեքից է:-Հա, — ասաց բարմենը, որովհետև չէր ուզում պատահածը մյուս բարմենին պատմել:-Էդ պիջակը որտեղից է ճարել:-Տղան կծկվեց ու աչքերը հատակին գցեց:-Իմ հին պիջակն է, — ասաց բարմենը: — Նա իհարկե, վերարկու ունի, բայց չգիտես ինչի էս պիջակն է սիրում:-Տղան միանգամից աչքերը բարձացրեց ու ապշահար նայեց բարմենի երեսին:-Հա, բոլոր երեխեքն էլ էդպես են, Ջոն, — ասաց գիշերային հերթի բարմենը: Միշտ ուզում են մեծերին նմանվել:-Ճիշտ է, — ասաց մյուսը:-Նա իր սպիտակ պիջակը հանեց, հագավ դրսի պիջակն ու վերարկուն և տղայի ձեռքը բռնեց:-Բարի գիշեր, — ասաց:Գիշերային հերթի բարմենը պատասխանեց նրան ու հայացքով ճանապարհեց մինչև դուրս:Տղան ու բարմենը լուռումունջ քայլելով՝ տների երեք շարք անցան, հետո մտան մի դեղատան կից սրճարանն ու նստեցին վաճառասեղանի մոտ:-Ինչ ըմպելիք ես ուզում՝ շոկոլադի, թե վանիլի:-Չգիտեմ:-Մեզ շոկոլադի ըմպելիք տվեք ու վանիլի պաղպաղակով մրգաջուր, — ասաց բարմենը վաճառողին, և երբ ըմպելիքները մատուցվեցին, բարմենն անմիջապես անցավ իր մրգաջուրը խմելուն: Տղան էլ հաճույքով շոկոլադի ըմպելիքը խմեց, իսկ հետո նրանք նորից դուրս եկան ձյան տակ:-Դե, հիմա փորձիր հիշել, թե որն է ձեր տան ճամփան: Կարող ես: Բարմենը կանգնել էր ձյան տակ ու մտածում էր, թե ինչ ելք գտնի, բայց նեղն էր ընկել ու ոչ մի ելք չգտավ: -Լավ, — ասաց նա վերջապես, — ինչ կարծիքի ես գիշերը մեր տանը, իմ երեխաների հետ անցկացնելու մասին: Ես երկու տղա ունեմ ու մի փոքրիկ աղջիկ:Մենք քեզ համար քնելու տեղ կսարքենք, իսկ վաղը հայրիկդ կգա ու քեզ կտանի:-Կգա որ:-Իհարկե կգա:-Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնսլ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի:-Նրանք սկսեցին բարձրանալ ինչ – որ ձյունածածկ աստիճաններով, և տղայի բարեկամն ասաց.-Այ էստեղ ենք մենք ապրում: Հիմա տաք ճաշ կուտենք, ու դու կպառկես քնելու, մինչև վաղը հայրիկդ գա ու քեզ տանի տուն:-Երբ կգա, — ասաց տղան:-Առավոտյան, ասաց նրա բարեկամը:-Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Սուրբծննդյան անսովոր ընթրիք

Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում
պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել ֆրանսիացի մեծ
խոհարարներին շարքերը, ինչը բավական չափազանցեցված է: Խոհարարությունը միշտ էլ եղել է
իմ կիրքը, եթե հիշենք այն գազօջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ՝ թոշակի անցնելու
կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են:
Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեղ բան պատրաստելու համար:

Բայց այս տարի, բոլորը մեկնել են, ոմանք դեպի արևաշող կղզիներ, ոմանք էլ՝ ձյունառատ լանջեր՝
երիտասարդությունը հիշելու: Իսկ ես չեմ սիրում փոխել իրերի սովորական դրվածքը և
հրաժարվել իմ փոքրիկ խենթություններից, այդ պատճառով էլ որոշեցի մնալ տանը իմ շան և
մենակությանս հետ: Եվ այդ ժամանակ ես մտածեցի իմ տուն հրավիրել Սուրբ
Գրվածքի աստվածներին: Ի վերջո՝ ռիսկը ազնիվ գործ է: Վաղ Առավոտյան գնացի եկեղեցի:
«Այս տարի չեմ գնա կեսգիշերվա պատարագին, այլ կհրավիրեմ մեծարգո հյուրերին»՝ մտածեցի
ես: Ես աղոթեցի ոչ սովորականի պես, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ՝ հիշատակելով Եհովային,
Հիսուսին (Աստծո որդուն քրիստոնյաների և հենց Աստծո համար) և Ալլահին: Ծնկաչոք խնդրում
էի բարձրյալներին բարեհաճ լինել իմ նկատմամբ այս յուրահատուկ օրը, երբ հոգնած տարին
պատրաստվում է իր պարտականությունները զիջել ավելի երիտասարդ, ավելի եռանդուն և
հույսերով լի տարվան:
Խանութներով անցնելուց և անհարժեշտ մթերքը գնելուց հետո ես արդեն գազօջախիս մոտ էի:
Ճաշացանկը չպետք է ոչ ոքի նեղացներ: Հետևաբար չէր լինի ոչ խոզի միս, ոչ էլ ալկոհոլ,
բայցևայնպես կարելի է մի քանի շիշ գինի դնել իմ սեփական մառանից: Բարեբախտաբար
տարվա վերջին օրը ուրբաթ էր, և ես որոշեցի ձկնային հյուրասիրություն պատրաստել: Ես
համոզված էի, որ այդ դեպքում բոլոր աստվածները գոհ կլինեին: Մսի միակ կտորը բաժին էր
հասնելու իմ հավտարիմ ընկերոջը՝ շանս, ով նույնպես պետք է նշեր այդ տոնական օրը:
Մեծ բուխարու մեջ ուրախ վառվում էր բուրավետ փայտե կրակը, դրանից ոչ հեռու կանգնած էր
գեղեցիկ եղևնին, որը ես կտրել էի անտառում: Ես և կինս սովորություն ունեինք եղևնին
հավաքելու միայն տարվա ավարտի տոներից հետո, այդ պատճառով եղևնին դեռ կանգնած էր
իր տեղում՝ անծանոթ մնալով էլէկտրականությանը: Եղևնու շուրջբոլորը ես շարեցի տարբեր
չափերի և գույների մոմեր: Կրակների արտացոլանքները պար էին բռնել պատերի վրա. կարծես
թատերական ներկայացում լիներ: Այդ ամենից սենյակն ավելի տաք ու հարմարավետ էր թվում:
Երբ վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ես թեքեցի իմ բազկաթոռը դեպի մուտքի դուռը և
նստեցի, Ֆիդելիոն՝ իմ շունը, նստեց ոտքերիս մոտ: Ես չէի համբերում, թե երբ կտեսնեմ իմ
աստվածային հյուրերին:
Ժամանակը գնում էր: Գնալով իմ ոգևորությունը մեծանում էր՝ արդյոք նրանք կգան:
Տասներկուսից տասնհինգ պակաս է, երեք է պակաս, երկու, մեկ… Իմ հին նորմանդական
ժամացույցը հերթով խփեց բոլոր տասներկու զարկերը: Վերջին զարկի հետ դուռը բացվեց և
հայտնվեց մի մարդ, նա երիտասարդ չէր, բայց բավական առույգ էր երևում: Երկար մազերը
փռված էին նրա ուսերին, գրեթե խառնվելով նրա խնամված ճերմակ մորուսին: Եկեք
չվախենանք բառերից, որովհետև այս ամենի հետ միասին նրա տեսքը իսկապես աստվածային
էր: Թեև ես զարմացա, նրա գլխի շուրջ լուսապսակ չտեսնլով: Մի տարօրինակ բան ևս եղավ՝
Ֆիդելիոն, ով, ինչպես և հարկն է իսկական շանը, անծանոթներին բարեհամբույր դիմավորելու
սովորություն չունի, բայց այս անգամ, նա տեղից չշարժվեց այլ մնաց ոտքերիս մոտ պառկած:
Նա նույնիսկ մի աչքը չբացեց, որպեսզի մեր տուն այցելած անծանոթին տեսնի:
Անկեղծ ասաց՝ ես չգիտեի, թե ում, ավելի ճիշտ՝ որ աստծո հետ եմ հանդիպել: Ես ուզում էի ծնկի
գալ նրա առաջ և հարգալից համբուրել նրա ձեռքը, որպես ողջույն, նա կանգնեցրեց ինձ:
-Մտեք իմ դրության մեջ,- դողացող ձայնով ասացի ես,- ամեն օր չէ, որ իմ տուն եմ հրավիրում
աստվածներին, թեև Դուք դեռ առաջինն եք:
-Մենք, առաջինն ու միակն ենք,- ասաց նա հանդարտ և խիստ:
Ես չկարողացա թաքցնել զարմանքս:

— Չեմ հասկանում,թե ինչու,-շարունակեց նա,-
բայց դուք, երկրի բնակիչներդ, բազմացրել եք ինձ: Երբ ես քարոզում էի՝ «աճեք և բազմացեք» ,
նկատի ունեի ձեզ, ոչ թե ինձ: Եվ ահա, ես ամենաքիչը ունեմ երեք անուն, որոնց պետք է
արձագանքեմ: Ալահ, Յահվե և Աստված: ԵՍ էլ չեմ խոսում Բուդդայի, ով ընդամենը ձեզ նման
մահկանացու էր, և մյուս անունների մասին, որոնցով կոչում են ինձ տասնյակ աղանդներ: Այդ
աղանդները իրենց կրոն են անվանում և իմ անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն
իրենց առևտուրը: Ամեն դեպքում, դա ինձ չի անհանգստացնում, քանի դեռ այս բոլոր կրոնները
միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:
Ինչ անունով էլ դիմեն ինձ, այդ, այսպես կոչված մարգարեները, ինչպես էլ, որ օգտագործեն իմ
խոսքերը, ես դեմ չեմ: Ես միայն ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, իսկ դուք բոլորդ իմ
երեխաներն եք:
Այս ամենը լսելուց հետո ես առաջարկեցի Արարչին մոտենալ սեղանին, բայց ցավոք, նա մերժեց
իմ առաջարկը:
-Ես գիտեմ քո խոհարարական տաղանդի մասին,-ասաց նա,- դու հրաշալի սեղան ես
պատրաստել՝ համեղ ուստեստներով, բայց այս ամենը իմ և քո համար շատ առատ է: Այստեղ
ընդամենը հինգ ափսե է, բայց ուտելիքը կբավականացնի ամենաքիչը քսան քաղցած մարդ
կերակրելու համար, ովքեր շատ վաղուց հնարավորություն չեն ունեցել կուշտ ուտելու: Բաց
արա քո դուռը, ներս թող կյանքից հիասթափված, անտուն մնացած և դժբախտ մի քանի
հոգիներ, նրանց, ովքեր զրկված են եղել հաջողության այն ուղուց, որից օգտվել են
ամենահաջողակները: Դրանից հետո դու ոչ միայն քեզ միայնակ չես զգա, այլև կհասկանաս, որ
դարձել ես բոլորովին այլ մարդ:
Ես ուզում էի, որևէ բան պատասխանել, բայց Աստվածն, Ալահը, Յահվեն, անվանեք նրան
ինչպես ուզում եք, ասես մի հրաշքով անհետացավ: Իմ զարմանքն այնքան մեծ էր, որ ինձ թվաց,
թե այսքան ժամանակ քնած էի: Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպես վարվել: Ֆիդելիոն
այդպես էլ տեղից չշարժվեց: Ես կամաց-կամաց ուշքի եկա, հայացքս ընկավ տաք վերարկուիս և
գլխարկիս վրա: Ամանորյա սառնամանիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ
պարագաները վրաս գցելուց հետո ես արագ դուրս եկա տանից: Եկեղեցու մոտ կանայք,
երեխաներ և ծերունիներ էին կանգնած, ովքեր ամաչելով պարզում էին անցնողներին իրենց
ձեռքերը: Քիչ հեռու տղամարդիկ և կանայք տեղավորվել էին թղթե ինքնաշեն կացարաններում:
Ամենուրեք աղքատություն ու քաղցր էր, այն ժամանակ, երբ իմ տան սեղանը լի էր համեղ
ուտեստներով, որոնք վաղը կհայտնվեին աղբանոցում՝ հյուրերի բացակայության պատճառով:
Վերջապես ես համարձակվեցի հրավիրել այդ թշվառ մարդկանց իմ տուն՝ տաքանալու և քաղցը
հագեցնելու:
Սկզբում իմ առաջարկը նրանց կասկածելի թվաց, բայց հետո նրանցից մեկը ասաց.
-Սրա երգը շատ քաղցր է, երևի խաբում է, կամ էլ չի խաբում, ամեն դեպքում կորցնելու բան
չունենք: Գնացինք:
Ահա այսպես ես հայտնվեցի իմ փողոցի վրա՝ տարօրինակ խմբի հետ՝ սևամորթներ, սպիտակամ
որթներ, դեղնամորթներ,մուսուլմաններ, քրիստոնյաներ, հրեաներ, անհավատներ,կանայք և երե
խաներ: Թվում էր, թե աղետներից փախչող քոչվորների մի փոքր խումբ գնում է դեպի մարդկ
ության և հույսի փոքր կրակը:
Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկ
անելով առաջ գնացին՝չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:
Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազաթոռներին: Շամպայնի առաջին
գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ:
Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ
ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին
զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում:
Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն
մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին,
կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ ննջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ
անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:
Երբ ես արթնացա, խոհանոցը հավաքված էր իսկ ափսեները՝ լվացված: Բոլորը իրերը իրենց
տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը
վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին:
Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական,
հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ
պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես
հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ
երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի
պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման
երջանիկ:

Հեղինակ՝ Շառլ Ազնավուր

Սուրբծննդյան անսովոր ընթրիք վերլուծություն

Այս պատմությունը ուներ տխուր և ուրախ պահեր, տխուր էր, երբ նա ապրում էր առանց իր կնոջ, նա էր զբաղվում տան գործերով, խոհանոցում նա էր պատրաստում։ Լավն էր, երբ աստվածները իրեն ասացին, որ օգնի թափառական մարդկանց, նա գնաց և տուն բերեց տարբեր մարդկան, ովքեր չունեին տուն, գումար և նա նրանց բերեց իր տուն, կերակրեց, ուրախացան, որից հետո բոլորով գնացին քնելու և առավոտյան, երբ արթնացավ տեսավ, որ ամանները լվացած են, տունը հավաքած, և այդ թափառական մարդիկ վերադարձել են իրենց կյանքին։ Նրանք չեն եղել անշնորհակալ նա իրենց բարություն արեց տարավ իր տուն կերակրեց, իսկ հաջորդ օրը նրանք հավաքեցին տունը լվացին ամանները և անցան իրենց կյանքին։

Վիլյամ Սարոյան, «Ծննդյան տոներից երեք օր հետո» վերլուծություն

Այս պատմվածքը և լավն էր և վատ։ Վատն էր նրանով, որ հայրը տղային թողնում է և գնում։ Լավն էր, երբ բարմենը տղային օգնում է, բայց միևնույն ժամանակ տղային ասում, որ տղան իր հայրիկին սպասի դրսում այդ ցրտին, բայց նա չէր թողնում, որ ոչ ոք մոտենա տղային այն մարդը, որը գտնվում էր այնտեղ ցանկացավ օգնել տղային, բայց բարմենը չթողեց։ Ինձ դուր եկավ, երբ նա վերջում, երբ տեսավ, որ տղայի հայրը չեկավ նա տղային օգնեց փորձեց տղային տանել իր մոր մոտ, բայց քանի-որ տղան փոքր էր և չէր հիշում իր տան ճանապարհը բարմենը տղային տարավ իր տուն։