Դուք գիտեք, որ բոլոր բջիջներին անհրաժեշտ է թթվածին և սննդանյութեր, որոնք կարող են բջջաթաղանթով ներս թափանցել միայն լուծված վիճակում: Այդ է պատճառը, որ բջիջները մշտապես գտնվում են հեղուկ միջավայրում:
Արյունը, ավիշը և հյուսվածքային հեղուկը կազմում են օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։

Ուշադրություն
Արյունը ներքին միջավայրի ամենակարևոր բաղադրիչն է. այն շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյունից են ձևավորվում հյուսվածքային հեղուկը և ավիշը:
Հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդանյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն և ձևավորվում է հյուսվածքային հեղուկը:
Հյուսվածքային հեղուկն անգույն է, թափանցիկ: Արյունից սննդանյութերն անցնում են հյուսվածքային հեղուկ, ապա բջիջներ, իսկ կենսագործունեության արգասիքները տեղաշարժվում են հակառակ ուղղությամբ՝ բջիջներից դեպի հյուսվածքային հեղուկ: Այսպիսով` հյուսվածքային հեղուկը կապ է ստեղծում արյան և բջիջների միջև:
Ուշադրություն
Հյուսվածքային հեղուկն իր բաղադրությամբ նման է արյան պլազմային, այն տարբերությամբ միայն, որ նրանում գրեթե չեն պարունակվում սպիտակուցներ:
Դա բացատրվում է այն հանգամանքով, որ սպիտակուցի մոլեկուլները մեծ են և չեն թափանցում արյան անոթների պատերով: Հյուսվածքային հեղուկի քանակն օրգանիզմում մոտ 20 լիտր է:
Ավիշը կաթնասպիտակավուն հեղուկ է, բաղադրությամբ նման է արյան պլազմային, միայն նրանում սպիտակուցների քանակը 3−4 անգամ պակաս է: Օրվա ընթացքում արյուն է վերադարձվում 2−3 լիտր ավիշ:
Միջբջջային տարածությունում, բացի արյունատար մազանոթներից, գտնվում են նաև կույր ծայրով սկսվող ավշային անոթներ:
Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:
Դրա շնորհիվ հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթներ, որոնցով վերադառնում է արյունատար համակարգ, իսկ հյուսվածքային հեղուկը պահպանում է իր հարաբերական կայուն բաղադրությունը միջբջջային տարածությունում, ինչը չափազանց կարևոր է բջիջների բնականոն կենսագործունեության համար:
Ավշային մազանոթները կույր ծայրով սկսվում են միջբջջային տարածությունից, այնուհետև, միմյանց միանալով առաջացնում են խոշոր անոթներ, որոնք երկու մեծ ծորաններով թափվում են աջ նախասրտին մոտեցող սիներակների մեջ։ Ավշային անոթների ճանապարհին տեղ-տեղ կան ավշային հանգույցներ, որտեղ առաջանում են լիմֆոցիտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը հիվանդաբեր մանրէներից:

Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոստազ:
Այն կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով:
1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:
2.Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:
Հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդանյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն և ձևավորվում է հյուսվածքային հեղուկը:
3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:
Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:
4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:
Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոստազ:
5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:
Այն կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով:



















