Մաս առաջին
«Արագությունը ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է»։
Բայց՝ ոչ, մտածեց նա։ Ես ստեղծվաթ եմ լինելու այնպիսին, ինչպիսին որ էի, օժտված այն ամենով, ինչ արդեն տրված էր ինձ։ Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Եվ նա մի կերպ բարձրացավ ու դեպի ափ շտապելով սկսեց թեւերը թափահարել։
Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։
Նա առույգ էր, հաճույքից փոքր֊ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել է սարսափը։ Նա ծալեց թեւերը, դրանց կարճ, անկյունաձեւ ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով չորս հազար ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Քամին վերածվել էր հնչյունների խիտ, թրթռացող պատի, որին հակառակ ավելի արագ թռչելն այլեւս անկարելի էր։ Այժմ նա շեշտակի ցած էր սուրում ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա լավ գիտեր, որ եթե նման արագությամբ թռչելիս թեւերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների։ Բայց, միեւնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։
Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։
Նա գտնում էր, որ այս մտածելակերն իրեն անընդունելի կդարձնի մյուս թռչունների համար։ Նույնիսկ ծնողները ահաբեկված էին, որ Ջոնաթանն ամբողջ օրեր է կորցնում մենության մեջ՝ փորձեր անելով, հարյուրավոր անգամներ սահելով ծովի մակերեվույթի վրայով։
