«Կա մի թուլություն»

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…
«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
«Վշտացել եմ ամեն ինչից»

Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:
Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:
Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:
«Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
«Նեղվում եմ»

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։