Բեղմնավորում, ներարգանդային և հետսաղմնային զարգացում:Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը

Բեղմնավորում, ներարգանդային և հետսաղմնային զարգացում:
Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը

Արական և իգական սեռական բջիջների՝ սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլվելը կոչվում է բեղմնավորում:

Սեռական գործողության ժամանակ միլիոնավոր սպերմատոզոիդներ անցնում են հեշտոցի մեջ, ինքնուրույն շարժվելով մտնում արգանդի խոռոչ, այնտեղից անցնում արգանդափող, որտեղ մի քան ժամ շարժվելով կարող են հանդիպել ձվաբջջին:

Սպերմատոզոիդներից մեկը, որն ավելի կենսունակ է ու շարժուն, թափանցում է ձվաբջիջ: Տեղի է ունենում բեղմնավորում:

Բեղմնավորված ձուն արգանդափողով շարժվելուն զուգընթաց տրոհվում է և վերածվում բազմաբջիջ սաղմի, որը 4−5 օրվա ընթացքում մղվում է արգանդի խոռոչ: Սկսվում է ներարգանդային զարգացման սաղմնային շրջանը, որի ընթացքում բջիջները կիսման միջոցով անընդհատ ավելանում են: Հետագայում ձևավորվում են սաղմի հյուսվածքներն ու օրգանները:

Սաղմը պատվում է մի քանի թաղանթներով, որոնք ապահովում են նրա սնուցումը, շնչառությունը, պաշտպանում մեխանիկական հարվածներից և աղմուկից: Սաղմնային զարգացման երկրորդ ամսվա վերջում արգանդի պատին ամրացած սաղմի մոտ զարգանում է ընկերքը: Ընկերքի պատերը հարուստ են արյունատար մազանոթներով, և դրա շնորհիվ իրականանում է մոր և պտղի օրգանիզմների միջև թթվածնի, ածխաթթու գազի և սննդանյութերի փոխանակությունը: Սակայն մոր և պտղի արյունները չեն միախառնվում:

Ներարգանդային զարգացման 4−5-րդ ամիսներին սկսվում են պտղի սրտի կծկումները, որոնց հաճախականությունը գրեթե 2 անգամ ավելի է, քան մորը: Արդեն 5-րդ ամսում պտուղը կշռում է մոտ 500 գ, իսկ ծնվելու պահին՝ 3−3,5 կգ:

Հղիությունը կնոջ համար բնականոն մի վիճակ է, երբ նրա արգանդում զարգանում է ապագա երեխան: Հղիության տևողությունը 270−280 օր է, որի ավարտին տեղի է ունենում երեխայի ծնունդը՝ պտղի և ընկերքի հեռացումը մոր օրգանիզմից: Ծննդաբերության լավ ընթացքի համար անհրաժեշտ է, որպեսզի արգանդի վզիկը լայնանա, պտղաթաղանթը պատռվի, և նրանում պարունակվող հեղուկը (պտղաջրերը) հեշտոցի միջոցով հեռանա օրգանիզմից:

Երեխայի աճը և զարգացումը:

Երեխայի ծնունդից հետո սկսվում է նրա հետսաղմնային զարգացումը: Տարբերում են հետսաղմնային զարգացման հետևյալ շրջանները.

1. Նորածնային շրջան՝ ծնվելուց հետո առաջին մեկ ամիսը,

2. Կրծքային շրջան՝ առաջին ամսից մինչև մեկ տարեկան,

3. Վաղ մանկության կամ մսուրային շրջան՝ 1-ից մինչև 3 տարեկան հասակը,

4. Նախադպրոցական շրջան՝ 3−6 տարեկան հասակը,

5. Դպրոցական շրջան՝ մինչև 17−18 տարեկան:

Մարդու օրգանիզմի ձևավորումն ավարտվում է 22−25 տարեկանում:

Ծերության շրջանում զգալիորեն նվազում են նյութափոխանակության գործընթացները, դանդաղ է ընթանում բջիջների բաժանումը, քայքայման գործընթացները գերակշռում են սինթեզին, զարգանում են օրգան-համակարգերի գործառույթների խանգարումներ: Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ զբաղմունքի կանոնավոր հերթափոխությունը, պարբերաբար կատարվող ֆիզիկական վարժությունները, վնասակար սովորություններից (նիկոտինի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործում) զերծ մնալը, ճիշտ սնվելը, անձնական հիգիենայի պահպանումը` չափազանց կարևոր գործոններ են մարդու օրգանիզմի ներդաշնակ զարգացման, առողջության և երկարակեցության համար:

Կենսաբանություն հարցեր

Մաշկի կառուցվածք
1․Ինչպե՞ս է մաշկն իրականացնում պաշտպանական, արտազատման և շնչառական գործառույթները:
Մաշկը կատարում է պաշտպանական ռեակցիա, որը պաշտպանում է հյուսվածքները, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունից։ Մաշկը նաև կատարում է արտազատական գործառույթ արտադրում է քրտինք։

2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի վերնամաշկը, և ի՞նչ դեր է այն կատարում:
Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

3.Ինչպիսի՞ն է բուն մաշկի կառուցվածքը
Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

4. Ո՞րն է ենթամաշկային բջջանքի դերը:
Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:

Վերարտադրողական համակարգի  օրգաններ

1.Որո՞նք են արական սեռական համակարգի օրգանները:
Արական սեռական գեղձերն են՝ զույգ սերմարանները, զույգ սերմնածորանները, սերմնաբշտիկները, շագանակագեղձը և առնանդամը։

2.Որո՞նք են իգական սեռական համակարգի օրգանները:
Իգական սեռական գեղձերն են՝ ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը։

3.Որտե՞ղ են առաջանում ձվաբջիջները և իգական սեռական հորմոնները:
Սեռական բազմացման ժամանակ մասնակցում են արական և իգական առանձնյակներ։ Յուրաքանչյուրում զարգանում է սեռական բջիջներ, իգականում ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում և սպերմատոզոիդ։

4. Ի՞նչ է ձվազատումը:
Սեռահասուն օրգանիզմում ամեն ամիս ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ պարունակող փոքր բշտիկ։ Ձվաբջջի հասունանալուց հետո այդ բշտիկը պատռվում է, ձվաբջիջը դուրս է գալիս, կատարվում է ձվազատում։