1.Ի՞նչ է բջջային ցիկլը, նշել փուլերը։
Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը ընկած ժամանակահատվածը բջջի կենսացիկլն է (բոլորաշրջանը)։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։
2.Ին՞չ է միթոզը, նշել փուլերը, որ բջիջներին է այն բնորոշ։
Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից: Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է. կորիզակները տարրալուծվում են, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում և հաստանում: Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը: Բջջային կենտրոնի ցենտրիոլները տարամիտվում են դեպի բջջի տարբեր բևեռները, որոնց միջև ձգվում են բաժանման իլիկի թելիկները։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում:
Միտոզի հաջորդ փուլում՝ մետաֆազում, քրոմոսոմները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում՝ հավասարաչափ հեռանալով բևեռներից: Բաժանման իլիկի թելիկները բոլոր քրոմոսոմների ցենտրոմերները միացնում են բևեռներին: Իսկ քրոմոսոմները, որոնք կազմված են միայն ցենտրոմերային հատվածում իրար հետ հպված երկու միանման քրոմատիդներից, ուղղված են լինում դեպի բջջի հակադիր բևեռները:
Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առանձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների։ Այս փուլում՝ անաֆազում, իլիկի՝ ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռները, դիտվում է նաև բևեռների իրարից հեռացում։
Միտոզի վերջին փուլում՝ թելոֆազում բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները: Բջջի հասարակածային մասում կազմավորվում է նոր պլազմային թաղանթ, որը ձգվում է դեպի բջջի եզրերը կամ ներփքվում: Սկզբնական բջիջը կիսվում է երկու ավելի փոքր դուստր բջիջների, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է քրոմոսոմների մեկ դիպլոիդ հավաքակազմ:
3.Ո՞րն է միթոզի կենսաբանական նշանակությունը։
Միտոզը բաժանման այնպիսի եղանակ է, որի արդյունքում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է դուստր բջիջների միջև: Սա ապահովում է բջջից բջիջ, սերնդից սերունդ ժառանգական տեղեկատվության կայուն փոխանցումը։ Դրանում է միտոզի հսկայական կենսաբանական նշանակությունը։