Երկրաբանական վաղ անցյալում այստեղ աճել են արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ, իրար հաջորդող ցուրտ, խոնավ, շոգ և չոր կլիմաների ներգործությամբ առաջացել են նոր բուսատեսակներ:
ՀՀ-ում հանդիպում է 3200 բարձրակարգ բուսատեսակ. գրեթե այնքան, ինչքան մեր տարածքը հարյուրապատիկ անգամ գերազանցող Արևելաեվրոպական հարթավայրում:
Մեր բուսական աշխարհի ներկայացուցիչների 120 տեսակը էնդեմիկ է և դրանցից շատերը գիտության մեջ կոչվում են Հայաստանի տարբեր մասերի անուններով:
Բազմազան է նաև ՀՀ-ի կենդանական աշխարհը. հանդիպում է 12000 կենդանատեսակ: Դրանցից կաթնասուններն են 75-ը, թռչուններ՝ 302-ը, սողուններ՝ 43-ը, անողնաշարավորներ՝ ավելի քան 11000-ը:
Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին և հարակից տարածքներին: Դրանցից են հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը, և այլն:
Բուսականության տեսակնային մազմի տարածքային տարբերությունը համընկնում է կլիմայի և հողերի վերընթաց գոտիականությանը: Ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսաանապատային գուտու, իսկ բարձրադիր մասերը՝ ալպյան գոտու բուսականությամբ:
Կենդանական աշխարհի տեղաբաշխումն իր հերթին համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով շատ տեսակներ հանդիպում են գրեթե բոլոր գոտիներում (նապաստակ, գորշ արջ, աղվես, գայլ:)
Անապատային և կիսաանապատային գոտու բուսականությունը տարածվում է Արարատյան գոգավորության ցածրադիր մասերում:
Բուն անապատային բուսատեսակները հանդես են գալիս կղզիների ձևով՝ Արարատյան դաշտի աղուտներում և ավազուտներում: Հաճախակի հանդիպող բուսատեսակներն են ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ (էֆեմերային) բույսերը, որոնցից ամենատարածվածը աղածաղիկն է: Դրանք ունեն զարգացած արմատային համակարգ, որի հողի խորքից անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնելու հնարավորություն է տալիս: Ճյուղերը ցախանման են, տերևները՝ մանր, երբեմն մսալի, որը նվազեցնում է ջրի գոլորշիացումը:
Գետերի ողողատների ճահճոտ վայրերում մեծ տարածում ունեն եղեգնուտները (շամբուտները) և ջրային բույսերը:
Արարատյան գոգավորության կիսաանապատներում ՝ 1000-1500 մ բարձրությունների վրա, տարածված են հոտավետ օշինդրը, կապառը, ջանգյուլումը և անթառամ ծաղիկները: Ամռանը դրանք, բացառությամբ օշինդրի, չորանում են:
Այս գոտում տարածված կենդանիներից են ճագարամուկը, դաշտամուկը, հանդիպում են նաև տափաստանային կատու, ոզնի: Տարածված են թունավոր օձերը, որոնցից հայտնի են գյուրզան, թունավոր մորմերն ու կարիճները:
Անապատային և կիսաանապատային գոտուն բնորոշ է նաև լեռնային չորասեր (ֆրիգանոիդ) բուսականությունը, որը գերակշռվող է հատկապես քարքարոտ հողերում: Շատ են չորասեր, սուր փշեր ունեցող մանրատերև մացառուտները, գաճաճ ծառերը: Տարածված են դեղատու, եթերայուղատու և թելատու բույսերը (մասրենի, բազմատեսակ ծաղիկներ:) Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարհը (մուֆլոն) և այն խոտակերների որսով հրապուրված Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այս երեք կենդնատեսակներն էլ անհետացման վտտանգի տակ են: Այդ պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում: Դրանց որսն արգելված է:
Տափաստանային գոտու բուսականությունը մեր հանրապետությունում տարածված է 1400-2400 մ բարձրություններում: Այս գոտուն բնորոշ է փետրախոտային, սիզախոտային, իսկ բարձրադիր մասում՝ հացազգի-տարախոտային բուսականությունը: Տափաստանային գոտու վերին սահմանին մոտ, որտեղ խոնավությունը բավարար է, աճում են մերձալպյան բարձրախոտերը: Այս տարածքները լավ խոտհարքեր են:
Տափաստանային գոտում համեմատաբար շատ են կրծողները և թռչունները, քիչ են սողուններն ու երկկենցաղները: Լայն տարածում ունեն ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը, խլուրդը, իսկ գիշատիչներից հանդիպում է ժանտաքիսը: Թռչուններից նշանավոր են միջատակեր սարյակները, սևճակատ շամփրուկը, որոնք, սնվելով մշակաբույսերին վնասող միջատներով՝ մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը:
Անտառային գոտին իր ուրույն տեղն ունի հանրապետության բուսական աշխարհում: Առանձնանում են երկու համեմատաբար ընդարձակ անտառային զանգվածներ՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան: Հյուսիս -արևելքում տարածքի անտառապատվածությունը կազմում է 30%: Այստեղից հիմնական ծառատեսակը արևելյան հաճարենին է, որի անտառը տեղ-տեղ ընդմիջվում է կաղնուտներով և սոճուտներով: Հարավարևելյան անտառային զանգվածը գրավում է փոքր տարածություն և գլխավորապես բաղկացած է վրացական կաղնուց:
Հանդիպում են նաև արաքսյան կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի և այլ ծառատեսակներ:
Զանգեզուրի Ծավ գետի ավազանում պահպանվել է սոսկու պուրակը, որը միակն է հանրապետությունում՞ Այն հեթանոսության ժամանակաշրջանում համարվել է յուրօրինակ սրբավայր, որտեղ քրմերն իրենց աղոթքներն էին կարդում և սոսկու տերևների սոսափյունով գուշակություններ անում:
Հայաստանի անտառներն առաջին որակակարգի անտառներ են: Դա նշանակում է, որ մեծ է դրանց էկոլոգիական՝ հողապահպան, ջրապահպան ու կլիմայակարգավորող նշանակությունը: Արգելված է այս անտառների արդյունաբերական հատումը: Թույլատրվում է միայն սանիտարական անտառահատում:
Անտառների կենդանական աշխարհը հարուստ է կաթնասուններով: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ, վարազ, իսկ Զանգեզուրում՝ մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, ժայռածերպերին՝ բեզոարյան այծ:
Մերձալպյան և ալպյան գոտու բուսաանությունը տարածվում է 2200 մ-ից բարձր: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրապետում են մեկ մետր և ավելի բարձրություն ունեցող մեծատերև խոտաբույսերը:
Բուն ալպյան բուսականությունը հանրապետության հյուսիսում սկսվում է 2700-2800 մ, իսկ հարավում՝ 2900-3000 մ բարձրություններից և ընդգրկում բարձր լեռների ու լեռնաշղթաների մերձգագաթային հատվածերը: Դաժան կլիմայի պատճառով բույսերը գետնատարած են, ունեն մի քանի սանտիմետրից մինչև 10-15 սմ բարձրություն: Բազմազան ծաղիկներով զարդարված մարգագետինները հեռվից թողնում են գույնզգույն գորգերի տպավորություն և այդ պատճառով հայտնի են նաև ալպյան գորգեր անունով:
Մերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն թիթեռների առատությամբ: Այս գոտին իր փարթամ խոտհարքերով ու արոտավայրերով բացառիկ նշանակություն ունիր անասնապահության համար: