Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:
- Ի՞նչ եք հասկանում էվոլյուցիայի շարժիչ ուժ ասելով
Դարվինը նկատեց, որ գոյություն ունեն կենդանիների բազմաթիվ ցեղատեսակներ և մշակովի բույսերի սորտեր, որոնք առաջացել են մարդու կողմից արհեստական ընտրության միջոցով։ Իր նպատակներին ծառայեցնելու համար մարդը փոփոխում է նրանց հատկանիշները: Իսկ ինչպե՞ս են փոփոխվում վայրի օրգանիզմները: Ի՞նչն է օրգանիզմներին ստիպում բնական պայմաններում փոփոխվել և ձեռք բերել այնպիսի կառուցվածք, որ հարմարված լինի կյանքի և միջավայրի պայմաններին, որո՞նք են էվոլյուցիոն գործընթացում նոր տեսակների առաջացման շարժիչ ուժերը։ Այս հարցերը բացահայտել է Չ.Դարվինը իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը» աշխատությունում։ Գոյության կռիվը և ժառանգական փոփոխականության հիման վրա կատարվող բնական ընտրությունը, ըստ Դարվինի, հանդիսանում են օրգանական աշխարհի Էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժերը: - Ի՞նչ է արոմորֆոզ, բերել օրինակներ
Արոմորֆոզներն այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց - կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը:
- Օրգանական աշխարհի էվոլյուցիայի վաղ փուլերի խոշոր արոմորֆոզներ են՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, օրգանիզմների սեռական ճանապարհով բազմացումը, ներքին բեղմնավորման ի հայտ գալը։ Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ էր սպորներով բազմացումից սերմերով բազմացմանն անցնելը: Ողնաշարավոր կենդանիների զարգացման ընթացքում խոշոր արոմորֆոզներ էին քորդայի, խռիկային և թոքային շնչառության, հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և այլն:
- Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը:
- Ի՞նչ է իդեոադապտացիա, բերել օրինակներ
Իդիոադապտացիաներն օրգանիզմների այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի, կոնկրետ պայմաններին հարմարվելուն (մասնավոր հարմարանքներ): - Ի հակադրություն արոմորֆոզների՝ իդիոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության և կենսագործունեության ուժգնության մակարդակի ընդհանուր բարձրացմամբ: Դրանք միջավայրի տվյալ պայմաններին՝ հարմարվելու որոշակի ոչ շատ մեծ փոփոխություններ են։ Իդիոադապտացիաներ են, օրինակ, Չ. Դարվինի կողմից նկարագրված Գալապագոսյան կղզիներում բնակվող սերինոսների տարբեր տեսակների կտցի ձևերը: Ունենալով կառուցվածքային միևնույն առանձնահատկությունները սերինոսները տարբեր պայմաններում բնակվելու հետևանքով ձեռք են բերել այդ պայմաններում ապրելու հատկություններ: Սերինոսների որոշ տեսակներ հարմարվել են միջատներով, մյուսները` սերմերով սնվելուն, կան նաև բույսերով սնվողներ:
- Ի՞նչ է դեգեներացիա , բերել օրինակներ
Ընդհանուր դեգեներացիաներն այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք տանում են դեպի օրգանիզմների կազմավորվածության պարզեցում: Դրանց սովորաբար ուղեկցում է իրենց կենսաբանական նշանակությունը կորցրած մի շարք օրգանների անհետացումը։ - Մակաբույծների շատ խմբեր ապրում են կենսաբանական առաջադիմություն, թեպետ նրանց կազմավորվածությունը զգալի պարզեցված է։ Նշանակում է դեգեներացիան ևս հանգեցնում է կենսաբանական առաջադիմության։
- Նշված շարժիչ ուժերը օրգանիզմներին տանում են դեպի կենսաբանական առաջադիմության, ինչպե՞ս կբացատրես այդ փաստը։
Ընդհանուր դեգեներացիան, որպես դեպի կենսաբանական առաջադիմություն տանող ուղի, դիտվում է շատ ձևերի մոտ և հիմնականում կապված է մակաբույծ կամ նստակյաց կենսակերպին անցնելու հետ։ Մակաբույծ՝ կենսակերպին անցած տեսակները կտրուկ տարբերվում են ազատ ապրող ձևերից։ Նրանց օրգանիզմում տեղի է ունեցել կառուցվածքային պարզեցում, ինչը սովորաբար ուղեկցվում է կյանքի ուրույն պայմանների նկատմամբ զանազան հարմարանքների առաջացմամբ: Այդ տեսակների մոտ որոշ օրգաններ, որոնք կորցրել են կենսաբանական ֆունկցիոնալ նշանակությունը, հետ են զարգանում կամ անհետանում։ Օրինակ, ժապավենաձև որդերը չունեն մարսողության օրգաններ, նյարդային համակարգը թույլ է զարգացած, կորցրել են շարժվելու ունակությունը: Կառուցվածքի պարզեցման հետ միասին այդ կենդանիները ձեռք են բերել ծծիչներ և կարթիկներ, որոնց օգնությամբ ամրանում են իրենց տիրոջ աղիների պատերին: Նրանք ունեն նաև ուժեղ զարգացած բազմացման օրգաններ և աչքի են ընկնում վիթխարի բեղունությամբ, որն ապահովում է տեսակի պահպանումը և նրա քանակական աճը:

