Մոգերի ընծաները. Օ’Հենրի

հենրի

I

Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:  Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:

Հարցերևառաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

մոգ-Զրադաշտական կրոնի hոգևոր պաշտոնյա, քուրմ:
սակարկել-Վաճառքի կամ այլ գործարքի ժամանակ զիջումների՝ գնի, վարձի ևն իրեն ձեռնտու պայմանների։
նպարավաճառ-Նպարեղեն վաճառող՝ ծախող:
օթոց-Բազմոց (մի քանի մարդու համար):
շքամուտք-Շենքի գլխավոր՝ շքեղ մուտք՝ դարպաս:
հավակնոտ-Հավակնություն ունեցող, իր մասին մեծ համարում ունեցող:

2. Բացատրի՛ր տրված մտքերը՝ նախ ընդգծված արտահայտությունները բացատրելով:

• Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:
Ականջները կարմրել էին դժգոհությունից, որ ստիպված էր ծախս չանել:

• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:
Կահավորանքը վկայում էր, աղքատության մասին:

• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:
Նրանք հարուստ լինելուց հետո, աղքատացել են և «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել են:

3. Գտի՛ր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.

• Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ  ապրելը,
«Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում:

•Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:
Իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:

4. Հեղինակի խոսքում առաձնացրո՛ւ (դուրս գրիր) հատվածներ, որտեղ պատումը առավել անմիջական և անկեղծ է:
Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:

Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:

Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել:

II

Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները՝շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:

Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:

Հարցերևառաջադրանքներ

5. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

բերկրալի-Բերկրությամբ լի, մեծ բերկրանք ապրող:
հերակալ-Երկճյուղ մետաղյա քորոց՝ մազերի սանրվածքն ամրացնելու համար:
նսեմացնել-Նսեմ՝ աղոտ դարձնել, աղոտացնել:
բարապան-Դռան պահապան (շվեյցար):

6. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:

Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:
Գորշ բառը նրա համար է կրկնում տեքստի մեջ, որ ավելի արտահայտիչ դարձնի իր կյանքի գորշությունը։

7. Առաջին մասից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.

Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր:
Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

8.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:
Հայելու պատկերը հատկապես կարևորվում է, որովհետև նայելով հայելուն մենք տեսնում ենք մեր արտաքին գորշությունը և փորձում ենք կատարել փոփոխություններ

9. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝

• Դելան  ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,
Եթե Սաբայի թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելլան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որպեսզի նսեմացմեր նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը։

• անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:
Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։

III

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:

— Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:

— Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:

Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:

— Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

— Շտապ տվեք,- ասաց Դելան:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:

Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դասից փախած փոքր տղայի: Դելան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելուն:

«Դե,- ասաց նա ինքն իրեն,- եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ խմբերգչուհու: Սակայն ի՞նչ կարող էի անել, ա¯խ, ի՞նչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:

Հարցերևառաջադրանքներ

10. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ավետել-Ավետիք տալ՝ հաղորդել:
կոհակել-Կոհակներ առաջ բերել, կոհակավորել, ալիքավորել:
ունելի-Կրակ բռնելու երկճյուղ մետաղյա հարմարանք, կայծառ, կայծակալ:
անպաճույճ-Պաճուճանք չունեցող, առանց զարդարանքի, պարզ, համեստ, անշուք:

11. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:
Հաջորդ երկու ժամն անցավ երազանքների գրկում։

12. Բացատրի’ր տրված մտքերը:

• Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:

• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը:
Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր

IV

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին:

Ջիմը երբեք չէր ուշանում: Դելան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ՝մուտքի դռանն ավելի մոտիկ: Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայնները և մի պահ գունատվեց: Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմելու Աստծուն և փութով մրմնջաց.»Տեր Աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց՚:

Դուռը բացվեց: Ջիմը ներս մտավ և ետևից փակեց այն: Նրա դեմքը նիհար էր, մտահոգ: Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով: Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների:

Լորի հոտն առած շան պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ: Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:  Ջիմը պարզապես նայում էր` հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը:

Դելան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը:

— Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: Մազերս շատ արագ են աճում: Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը: Եթե իմանաս` ի¯նչ հրաշալի, ի¯նչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:

— Մազերդ կտրե՞լ ես,- հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը:

— Այո’, կտրել և վաճառել եմ,- ասաց Դելան:- Բայց չէ՞ որ դու, միևնույն է, կսիրես ինձ: Չէ՞ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:

Ջիմը շվարած նայեց շուրջը:

— Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն,- հարցրեց նա անմիտ համառությամբ:

— Մի փնտրիր, չես գտնի,- ասաց Դելան:- Չէ՞ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել: Այսօր նավակատիք է, Ջիմ: Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել: Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը,- շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց,- սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը: Կոտլետները տապակե՞մ, Ջիմ:

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից: Նա գիրկն առավ իր Դելային: Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ: Ո՞րն է շատ՝շաբաթը ութ դոլա՞րը, թե՞ տարին մեկ միլիոնը: Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ: Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին (ՙՆոր կտակարանում՚ ասվում է այն մասին, որ մոգերը ոսկի, թանկարժեք ընծաներ են բերում տիրամայր Մարիամին` Հիսուսին լույս աշխարհ բերելու համար): Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր: Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը՝հետո:

Հարցերևառաջադրանքներ

13. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

նավակատիք-Թագադրության՝ ամուսնության տարեդարձերին կամ նման առիթներով կատարվող հանդես:
ընդարմանալ-Մրսելուց՝ երկյուղից՝ հոգնությունից՝ դեղերից ևն շարժունությունը կորցնել, թմրել, դմբրել:

14. Դուրս գրիր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

• հուզված է,
— Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: Մազերս շատ արագ են աճում: Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը: Եթե իմանաս` ի¯նչ հրաշալի, ի¯նչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

• վախեցած է:
Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

15. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:
Սառը

16. Բացատրիր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:
Նվերը կարող է լինել թանկ, բայց սիրով տրված չլիներ։

V

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

— Սխալ չհասկանաս ինձ, Դել,- ասաց նա,- ոչ մի սանրվածք ու կտրված մազ չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելային սիրելուց: Սակայն բաց արա այդ փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր-ինչ ապշեցի:

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը: Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո, ավա¯ղ, իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմելու այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը:

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը` կողքերին հավաքելու համար: Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելան, դիտելով ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր: Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելայի շագանակագույն մազերի գույնն ունեին: Դրանք թանկ արժեին: Դելան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից: Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը:

Այնուամենայնիվ, Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

Չէ՞ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը: Փութով` բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան: Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ:

— Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ: Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ: Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին: Ինձ տուր այն: Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար:

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց:

— Դել,- ասաց նա,- ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան: Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար: Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար: Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է:

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան,  որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:

Հարցերևառաջադրանքներ

17. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ագուցել-Հագցնել, ամրացնել մի բանի վրա, նստեցնել:
անհապաղ-Չհապաղող, չուշացող:
տոչորվել-Այրվել։
բաղձալի-Ցանկալի, տենչալի, փափագելի:

18. Բացատրիր ընգծված բառերի անհրաժեշտությունը տրված նախադասությունների մեջ.

• Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

• Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:
Նա այնտեղ Ջիմին ոգեշնչեց, և ասաց, որ դա շուտ կաճի։

19. Գտի’ր տրված մտքերի ընդհանրությունը և բացատրիր դրանք:

• Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը:
Այս միտք ցանկանում է ասել, որ մեզ պատմեծ մի հասարակ, բայց շատ խորիմաստ պատմություն, որը երկու անմիտ և աղքատ երեխաների մասիներ ովքեր ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին:

• Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:
Այս միտքն ցանկանում է ասել, որ բոլորն էլ իմաստոներ են, բոլորն էլ մոգեր են:

Ամփոփում

20. Դելայի և Ջիմի կերպարները ռոմանտիկակա՞ն, թե՞ ռեալիստական կերպարներ են: Պատասխանդ հիմնավորի’ր:
Իմ կարծքով Դելան և Ջիմը ռոմանտիկակական կերպարներ էին, որովհետև նրանք աղքատ էին, բայց չնայած դրան նրանք փորձում էին իրար ուրախացնել։

Օգնություն

Ըստ իրականության արտացոլման ձևերի` գրականության և արվեստի մեջ ստեղծագործությունները լինում են ռեալիստական, ռոմանտիկական և այլն:

Ռեալիստական ստեղծագործություններում կերպարները ներկայացվում են բազմակողմանիորեն` իրենց դրական և բացասական գծերով, իրենց բազմազան, հաճախ հակասական դրսևորումներով:

Ռոմանտիկական ստեղծագործություններում կերպարները, նրանց հարաբերությունները ներկայացվում են իդեալականացված, այնպիսին, ինչպիսին կցանկանար տեսնել հեղինակը:

21. Դուրս գրիր այն նախադասությունը (նախադասությունները), որտեղ խտացված է ստեղծագործության հիմնական գաղափարը (հեղինակի ասելիքը):

Оставить комментарий