День: 8 марта 2025
Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թադևոսի Թումանյան՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում հոգևորականի ընտանիքում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ, նրան անվանում էին նաև «ամենայն հայոց թամադա»։
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։ Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։
Թումանյանը սկսում է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է գրել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի համար։ 1899 թ․ բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը։ Հանդիպումների ժամանակ քննարկում վերլուծում էին համաշխարհային արժեք ունեցող ստեղծագործություններ, միմյանց գրվածքները և այլն։ Խմբակին տվեցին այդ անվանումը, քանի որ գտնվում էր շենքի վերջին՝ 5-րդ հարկում։ «Վերնատուն» գրական խմբակը գործել է շուրջ 10-ը տարի (1899-1908 թթ)։ Խմբակի կին հյուրերին անվանում էին վերնանուշներ, իսկ տղամարդկանց՝ վերնականներ։ Հիմնականում հանդիպում էին հինգշաբթի և շաբաթ օրերը։ Քննարկում էին իրենց և համաշխարհային գրականության մեծերի գործերը։ Անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։ Վերջնականապետ Վերնատան գործունեությունը դադարում է Թումանյանի և Իսահակյանի «դաշնակցության գործով» բանտարկվելուց հետո։
Թումանյանը շատ էր հարգում հորը՝ Թադևոսին: Իր «Ինքնակենսագրության» մեջ գրել է. «Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, եղել է իմ հայրը»: Մորը՝ Սոնային ներկայացնում էր, որպես «աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ»
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով։1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Եվ այնտեղից նամակ է գրում Ավետիք Իսահակյանին` «․․․Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը…»։ Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։
20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թթ․ Ցարական կառավարությունը Թումանյանին երկու անգամ ձերբակալում է (1908 և 1911) ու բանտարկում այն պատճառով, որ Թումանյանը շրջել է հայկական ու թաթարական գյուղերում և բնակչությանը հորդորել է վերջ տալ անիմաստ արյունահեղությանը:
Հովհաննես Թումանյանն ամուսնացած էր Օլգա (Մարիամ) Մաճկալյանի հետ, ունեին 10 զավակ` Մուշեղը, Աշխենը, Նվարդը, Արտավազդը, Համլիկը, Անուշը, Արփենիկը, Արեգը, Սեդան, Թամարը։
Հովհաննես Թումանյանի որդիներից Արտավազդը բանաստեղծի տաղանդավոր որդին էր. դրամաներ էր գրում, նկարիչ էր: Արտաքինով էլ նա էր ամենաշատը նման իր հորը: 1918 թ. Արտավազդը ռազմաճակատում զոհվում է: Այդ ծանր կորստին Թումանյանն այդպես էլ չի կարողանում համակերպվել, այդ իսկ պատճառով Թումանյանը գրել է «․․․Ես իմ բոլոր ստեղծագործությունները կրակին կնվիրեի, միայն թե վերադարձնեին իմ կորած որդուն․․․»
Թումանյանը երազում էր արտասահմանում կրթություն ստանալու մասին, որի հնարավորությունը այդպես էլ չունեցավ: Մոսկվայում էլ լինում է ոչ թե կրթվելու նպատակով, ինչը երազում էր, այլև ծանր հիվանդության՝ չարորակ ուռուցքի բուժման նպատակով, 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Վախճանվում է Մոսկվայում 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում։ Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ Բայց Թումանյանի որդին՝ Արեգը, բժիշկներին խնդրում է իրեն տալ հայրիկի սիրտը։ Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «․․․Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»։ Երկար ժամանակ Թումանյանի սիրտը պահվել է իր առանձնասենյակում։ Մի անգամ, երբ Ավետիք Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, և մնում է Թումանյանի առանձնասենյակում, ամբողջ գիշեր չէր կարողանում քնել, երբ առավոտյան Թումանյանի տանեցիները բացատրում են, որ նա եղել է Թումանյանի սրտի հետ նույն սենյակում։ Եվ Իսահակյանը համոզում է սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան։ Որից հետո 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում՝ Դսեղում։
Թումանյանի «Շունն ու կատուն» նրա ամենահայտնի ու սիրված գործերից է։ Բայց արի ու տես, որ տպագրելիս լուրջ խոչընդոտի է հանդիպել։ Երբ Թումանյանը իր «Շունն ու Կատուն» 1885 թ․ տանում է «Մուրճ» ամսագրում տպագրելու, Ավ․ Արասխանյանը կարդում է, շատ զարմանում և այդ գործը կոչում․ «Վայրենի լեզվով գրված ստեղծագործություն»:
Թումանյանը 19 տարեկան էր, երբ որոշում է իր հայրենասեր ընկերների հետ մեկնել Արևմտյան Հայաստան` ազատագրական շարժում կազմակերպելու համար։ Քանի որ գումար չուներ, ատրճանակ գնելու համար վաճառում է իր ամառային վերարկուն։ Սակայն այն օրը, երբ պիտի մեկնեին, Թումանյանը շատ ծանր հիվանդանում է և ամիսներով գամվում անկողնուն։ Ընկերները ստիպված են լինում մեկնել առանց նրա։ Եթե չլիներ այդ հիվանդությունը, Թումանյանը վաղաժամ կմահանար։ Որովհետև Արևմտյան Հայաստան մեկնած նրա ընկերները բոլորն էլ զոհվում են։ Այսպիսով՝ ճակատագրական հիվանդությունը փրկում է նրա կյանքը։
1915 թ․ էր։ Էջմիածնում ծովացած հայ գաղթականները մնացել էին հորդառատ անձրևի տակ։ Հովհաննես Թումանյանը, հակառակ կաթողիկոսի արգելքի, մարդկանց պատսպարում է նոր կառուցվող վեհարանում։ Հաջորդ օրը կաթողիկոսը բացատրություն է պահանջում․ ինչու է ինքնակամ արարք ցույց տվել, չէ՞ որ ինքն արգելել էր։ Թումանյանի բացատրությունը նրան չի գոհացնում և զայրացած հիշեցնում է․ «Դուք գիտե՞ք, որ ես ամենայն հայոց կաթողիկոսն եմ», Թումանյանն էլ պատասխանում է «Գիտե՞ք՝ ես էլ ամենայն հայոց բանաստեղծն եմ»
Թումանյանը որդեգրել է եղեռնից փրկված 13 երեխայի (տասն էլ ինքն ուներ, հիշում ես), որի համար նրան կոչել են նաև «ամենայն հայոց որբերի հայրիկ»։ Նրանց մեջ էր նաև Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը, որի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջև, փրկվել էին միայն ինքն ու քույրը: Արդեն մանկատանը Լուսնթագը կորցնում է նաև քրոջը: Նրա համար ծնող է դառնում Թումանյանը, ընտանիք՝ բանաստեղծի կինն ու երեխաները: Լուսնթագի հետագա ողջ կյանքում որպես ամենալուսավոր հուշ է մնում Թումանյանը:
Ղազարոս Աղայանին ու Հովհ․ Թումանյանին կապում էր մեծ բարեկամությունը։ Թումանյանը իրենից տարիքով մեծ Աղայանին Ասլան ապեր էր անվանում, Աղայանն էլ Թումանյանին՝ Ասլան բալա։ Թումանյանը զգացել էր Աղայանի մահը։ Օժտված էր զարմանալի հեռազգացությամբ: Նա իր աշխատասենյակում աշխատելիս է լինում, երբ գրիչն ընկնում է ձեռքից, և նա բացականչում է.
—Ղազարն ընկավ….(նկատի ունենալով Ղաղարոս Աղայանին):
Որից հետ Թումանյանի կինը որդուն ուղարկում է Աղայանենց տուն, որը վերադառնում է Աղայանի մահվան լուրով:
Թումանյանը զգացել է նաև հոր մահը: