Սննդի արդյունաբերությունը
Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ բնակչությանը մատակարում է պարենամթերք: Այս կապի արդյունքում ձևավորվել է ագրոարդյուանաբերական համալիրը, որի ենթաճյուղերը վերամշակում են գյուղատնտեսության արտադրանքը թեթև և սննդի արդյունաբերության միջոցով:
Օրինակ
Կաթնամթերքի արտադրությունը, որտեղ կաթը գյուղատնտեսական արտադրանք է, իսկ պանիրը, թթվասերը, կարագը և այլն՝ սննդի արդյունաբերության:
Սննդի արդյունաբերությունը առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն` սննդի արդյունաբերության տեղաբաշխումը ևս (թեթև արդյուանբերության նման) ունի համատարած բնույթ։ Արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ և այլն) մշակող ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։
Միևնույն ժամանակ, դրանցից պատրաստված արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար) հարմար է երկարատև պահպանման և տրանսպորտային փոխադրման համար շաքարեղեգի և շաքարի ճակնդեղի աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ուկրաինա), կարագի արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում, Ֆրանսիայում և խաղող մշակող այլ երկրներում։
Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի (սառցարան նավերի, երկաթուղային վագոնների և ավտոմեքենաների) օգտագործման շնորհիվ շուտ փչացող, բայց նախնական մշակման ենթարկված գյուղատնտեսական հումքը և ձկնամթերքը փոխադրվում են բնակչության մեծ խտություն, հետևապես` սննդամթերքի մեծ պահանջարկ ունեցող վայրեր:
ՀՀ-ում սննդի արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից են գինու-կոնյակի, գարեջրի, պանրի, հրուշակեղենի, հանքային ջրերի, պահածոների, մսամթերքի արտադրությունները:
Սննդի արդյունաբերությունը սննդամթերք արտադրող ճյուղերի ամբողջություն է:
Նրա կազմում են մսեղենի, կաթնեղենի, ալրի-ձավարեղենի, հացաթխման, շաքարի, հրուշակեղենի, պահածոների, յուղի-ճարպի արդյունաբերությունը, ձկնարդյունաբերությունը և այլն: Նրա ճյուղերի մի մասը կողմնորոշվում է դեպի հումքի աղբյուրը (շաքարի, յուղի-ճարպի, պահածոների), մյուսները՝ սպառման շրջանները (հացաթխման, հրուշակեղենի, կաթնեղենի և այլն): Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի զարգացումը զգալիորեն ընդարձակել է նրա տեղաբաշխման հնարավորությունները:
Աղյուսակում ներկայացված են սննդի արդյունաբերության արտադրատեսակների գծով առաջատար երկրները:
| Արտադրատեսակ | Պետություններ |
| շաքար | Հնդկաստան, Բրազիլիա, Կուբա, Ուկրաինա, ԱՄՆ |
| կենդանական յուղ | Հնդկաստան, ՌԴ, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա |
| բուսական յուղ | ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Իսպանիա, ՌԴ, Ուկրաինա |
| պանիր | ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, ՌԴ, Նիդերլանդներ |
| ձկան պահածո | Ճապոնիա, Չինաստան, ԱՄՆ, ՌԴ, Դանիա, Նորվեգիա, Պերու |
| թեյ | Հնդկաստան, Չինաստան, Շրի Լանկա |