Հոգեբանական ուսումասիրությունը հաստատո՞ւմ է դրույթը, թե սեփական անձի նկատմամբ և ուրիշների հանդեպ սերերի միջև էական հակասություն կա:
Սեփական անձի նկատմամբ սերն ու եսասիրությունը նո՞ւյն երևույթներն են, թե՞ հակադրություններ են: Ավելին, մի՞թե ժամանակակից մարդու եսասիրությունը իրականում մտահոգություն է սեփական անձի մասին որպես անհատականության՝ իր բոլոր մտավոր, հուզական և զգայական կարողություններով հանդերձ: Արդյո՞ք «նա» չի դարձել իր սոցիալ-տնտեսական դերի հավելուկը: Եսասիրությունը և անձնասիրությունը նո՞ւյնն են, թե՞ առաջինը ծագում է վերջինիս պակասից: Մինչ եսասիրության և անձնասիրության հոգեբանական կողմի քննարկումն սկսելը հարկ է ընդգծել տրամաբանական սխալն այն տեսակետում, թե սերը մյուսների և սերը սեփական անձի հանդեպ իրարամերժ են: Եթե մերձավորին որպես մարդ արարած սիրելն առաքինություն է, ապա ինքս ինձ սիրելն էլ պետք է առաքինություն լինի, ոչ թե արատ, քանի որ ես նույնպես մարդ արարած եմ: Չկա մարդուն նկարագրող որևէ հասկացություն, որի մեջ ես ինքս ներառված չլինեմ: Նման բացառում առաջ քաշող ուսմունքն իր էությամբ արդեն հակասական է: Աստվածաշնչում արտահայտված «սիրիր մերձավորիդ քո անձի պես» գաղափարը ենթադրում է, որ սեփական ամբողջականության և եզակիության հանդեպ հարգանքը, սերն ու ըմբռնողությունը սեփական անձի նկատմամբ անբաժանելի են մեկ այլ անհատի հանդեպ տածած հարգանքից, սիրուց և ըմբռնումից: Ինքս իմ հանդեպ սերը անբաժանելիորեն կապված է մեկ այլ արարածի նկատմամբ սիրո հետ:
Սերը, սկզբունքորեն, անբաժանելի է, երբ խոսքը «առարկաների» և սեփական անձի միջև կապին է վերաբերում: Իսկական սերը պտղաբերության արտահայտում է և հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն և իմացություն-ճանաչողություն է ենթադրում: Այն աֆեկտ՝ հույզ չէ, ինչ-որ մեկից ազդված, հուզված լինելու իմաստով, այլ սիրված անձի աճի և երջանկության ակտիվ տենչ, ձգտում, որի արմատներն ընկած են սիրելու սեփական ընդունակության հիմքում:
Իմ սեփական անձը պետք է լինի իմ սիրո առարկան նույնքան, որքան մեկ ուրիշ անձնավորություն:
Մարդու սեփական կյանքի, երջանկության, աճի, ազատության սատարման արմատներն ընկած են նրա սիրելու ունակության հիմքում, այսինքն՝ հոգատարության, պատասխանատվության, հարգանքի և իմացության ճանաչողության մեջ: Եթե անհատն ընդունակ է պտղաբեր սիրելու, նա ինքն իրեն էլ է սիրում: Եթե միայն ուրիշներին է կարող սիրել, ուրեմն ընդհանրապես սիրել չգիտի:
Եթե ընդունենք, որ սեփական անձի և մյուսների հանդեպ սերերը շաղկապված են, ապա ինչպես բացատրել եսասիրությունը, որը, ակնհայտորեն, բացառում է որևէ անկեղծ մտահոգություն ուրիշների մասին: Եսասեր անձը հետաքրքրված է միմիայն իրենով, ամեն ինչ ինքն իր համար է ուզում, տալուց ոչ մի հաճույք չի ստանում, միայն ստանալ է սիրում: Արտաքին աշխարհին նայում է միայն այն տեսանկյունից, թե ինչ կարող է վերցնել դրանից, անտարբեր է ուրիշների կարիքների հանդեպ, չի հարգում նրանց արժանապատվությունը և անհատականությունը: Նա իրենից բացի ուրիշ ոչինչ չի տեսնում: Բոլորի և ամեն ինչի մասին դատում է ըստ իր համար նրանց օգտակարության և, էապես, անընդունակ է սիրելու: Մի՞թե սա չի ապացուցում, որ ուրիշների համար մտահոգվելն ու սեփական անձով մտահոգվելն անխուսափելի երկընտրանքներ են, այսինքն բացառում են մեկը մյուսին: Այդպես կլիներ, եթե եսասիրությունը և անձնասիրությունը նույնը լինեին: Սակայն հենց այս ենթադրությունն է այն մոլորությունը, որ մեր խնդրի վերաբերյալ այսքան սխալ եզրահանգումների է բերել: Եսասիրությունը և անձնասիրությունը, բոլորովին նույնը չլինելով, իրականում հակադրություններ են: Եսասեր անձը անչափ շատ չի սիրում ինքն իրեն, այլ, ընդհակառակը, անչափ քիչ, իրականում ատում է ինքն իրեն: Սեփական անձի հանդեպ քնքշության և հոգատարության պակասը, որը նրա անպտղաբերության մեկ արտահայտությունն է միայն, նրա մոտ դատարկության և դառնության զգացում է առաջացնում: Նա անպայմանորեն դժբախտ է և անհանգիստ տարված է կյանքից բավականությունները ճանկելով, որոնց ստանալուն հենց ինքն իրեն էլ խոչընդոտում է: Թվում է, թե չափից շատ է ինքն իր մասին մտածում, սակայն, իրականում, իր իսկական ես-ի մասին հոգալու անկարողությունը կոծկելու և փոխհատուցելու անհաջող փորձ է անում ընդամենը: Ֆրոյդը կարծում է, թե եսասեր անձը նարգիզային է, այսինքն, թե ուրիշներին զրկել է իր սիրուց և այն ամբողջությամբ ուղղել սեփական անձին: Ճիշտ է, որ եսասեր անձինք ուրիշներին սիրելու անընդունակ են, բայց իրենք իրենց էլ են անկարող սիրելու:
Եսասիրությունը ավելի հեշտ հասկանալու համար կարող ենք այն համեմատել ուրիշների մասին ագահ մտահոգվածության հետ, ինչը, օրինակ, կարող ենք տեսնել գերհոգատար մոր մեջ: Թեև նա գիտակցաբար կարծում է, թե անչափ սիրում է իր երեխային, իրականում խոր զսպված թշնամություն է տածում իր մտահոգության առարկայի նկատմամբ: Նա գերմտահոգ է ոչ թե այն պատճառով, որ անչափ սիրում է երեխային, այլ որովհետև ստիպված է փոխհատուցել նրան ընդհանրապես սիրելու ընդունակության բացակայության համար:
Առաջադրանք
1.Ինչպե՞ս է Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստում» ներկայացնում սեփական անձի սիրո և ուրիշներին սիրելու միջև եղած փոխկապվածությունը, և ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ գաղափարը մարդու անձնական երջանկության ու միջանձնային հարաբերությունների վրա։
Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստում» ներկայացնում է այն հիմնարար միտքը, որ սեփական անձի սերը և ուրիշներին սիրելը չեն հակասում իրար, այլ փոխկապակցված են: Նա քննադատում է տարածված կարծիքը, թե սեփական անձը սիրելը եսասիրություն է, և փորձում է հասկացնել, որ իրական սիրելու ունակությունը, նաև ինքներս մեզ սիրելու կարողություն է։ Ըստ Ֆրոմի, սիրելը մի զգացում չէ, որն ուղղված է միայն որևէ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ, այլ մարդու ներքին կարողությունն է՝ սիրելու ընդհանրապես։ Իսկ եթե նա չի սիրում իրեն, չի կարող սիրել նաև ուրիշներին։
2.Արտահայտիր քո մտքերը տեքստի մասին, կարող ես առանձին հատվածներ քննարկել։
Ես համաձայն եմ Ֆրոմի մտքերի հետ։ Նա ճիշտ է ասում, որ մարդը չի կարող իսկապես սիրել ուրիշներին, եթե ինքն իրեն չի սիրում։ Իսկ ինքնասիրությունը նշանակում է, որ մարդը ընդունում է իրեն, հոգ է տանում իր մասին, հարգում է իրեն, ինչպես հարգում է ուրիշներին։ Սա շատ կարևոր է մարդկանց հետ շփման մեջ։