«ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ» Լեռ կամսար
Ամերիկան սաստիկ բարի էր դարձել:
Երազումս, իհարկե:
Դես ու դեն մարդիկ ուղարկեց, որ աշխարհում մի խեղճ ազգ ճարեն բերեն, ինքը լավություն անի դրան:
Գնացին մարդիկ, երկար ման եկան և Հայաստանը վերցրին բերին Ամերիկայի մոտ ասելով.
-Աշխարհում սրանից ավելի անբախտ ազգ չկա. ինչ անելու ես սրան արա:
Ամերիկան, որի սիրտը այնքան բարություն էր լցվել, որից սկսել էր նեղվել, անմիջապես գիրկն առավ այս փոքրիկ երկիրը ու հարցրեց.
-Անունդ ի՞նչ է, բալիկ:
-Հայաստան:
-Ինչո՞ւմ է ձեր թշվառությունը, մի պատմիր տեսնեմ:
-Իմ թշվառությունը անպատմելի է, հայրիկ: Աչք բացինք-չբացինք միշտ ավեր, միշտ կոտորած: Լենգ Թեմուրը մտնում ավերում գնում, Չինգիզ Խանն էր ներս մտնում, մեզ հանում բերդից վայր գլորում անդունդ: Շահ Աբասը մեզ լցրեց Արաքսը՝ կեսը ջուրը տարավ Կասպից ծով, կեսը ինքը տարավ Պարկաստան:
Սրա վրա Ամերիկան կանչեց իր ռազմական մինիստր Մակնամարային և ասաց.
-Երկու մեծ ատոմային ռումբ կպատրաստես. մեկը Լենգ Թեմուրի, մյուսը Չինգիզ Խանի գլխին նետելու:
-Հիմա նրանք չկան, վաղուցվա բան է պատմածս, — ասաց Հայաստանը:
-Ափսո՜ս: Եթե լինեին, ես կբռնեի երկուսի ականջից և գլուխներն այնպես կզարկեի իրար, որ աչքերը դուրս թռչեին իրենց կապիճներից:
-Նրանք չկան, բայց հիմա նրանցից վատը կա, — ասաց Հայաստանը, փաղաքշելով իր հայրիկին, — նրա ականջից բռնիր: Թաթար բռնակալները, երբ իմ ժողովրդին բերդից վայր էին գլորում, վերջի գլորվածները ողջ էին մնում: Բայց այս նոր թշնամին մեզ բերդից այնպես ցած գլորեց, որ շնչավոր չպրծավ:
-Բռնեմ պիտի նրա ականջից,- ասաց Ամերիկան տեղից վեր թռչելով: — Չասե¬՞ս նրա անունը:
-Նրա անունը Թուրքիա է:
-Ափսո՜ս, որ Թուրքիա է… Եթե Թուրքիա չլիներ, ես գիտեի ինչպես պիտի ոլորեի նրա ականջները: Բայց, ախր, Թուրքիան… ակա՜նջ չունի:
Այստեղ Հայաստանի սրտում կասկած ծագեց, վասնզի Թուրքիան ականջ ուներ, մինչև անգամ շատ մեծ սովորականից …
-Ականջ չունի՝ քթիցը բռնիր:
-Մի հարցնեմ, տեսնեմ քիթ ունի՞:
-Քիթ չունի՝ մի ուրիշ տեղից բռնիր, հայրիկ ջան, մի տեղից բռնիր վերջապես: Նրա կատարածը անուն չունի, այնքան զարհուրելի բան արեց:
-Կիմանամ այդ մասին, — ասաց Ամերիկան, — դու քո անցյալից պատմիր:
-Իմ անցյալից ի՞նչ պատմեմ: Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն էինք պատմության մեջ: Կատարելով Քրիստոսի պատվերը, մի երես Հունաստանին էինք դարձրել, մյուսը՝ Պարսկաստանին, որոնք անխնա հարվածում էին: Վերջում մեր թշնամիները շատացան, դարձան տասներկու: Իսկ մենք որովհետև միայն երկու երես ունեինք, չկարողացանք մեծ վարդապետի պատվերը կատարել:
-Զարմանալի է, որ Աստված չէր նախատեսել այդ հանգամանքը և համապատասխան քանակով երեսներ չէր տվել քեզ, փոքրիկս: Աստված ամենագետ է և պիտի հաշվի առներ քո թշնամիների թիվը քեզ ստեղծելիս: Շարունակիր:
-Ի՞նչ շարունակեմ, Աստված վայրի աշխարհակալների տունը քանդի, որ ինձ այս օրին գցեցին:
Այս միջոցին ներս մտավ հետախուզական բաժնի պետը և Ամերիկայի ականջին մի բան փսփսաց:
Սրա վրա Ամերիկան այլայլվեց, սփրթնեց և վեր կենալով տեղից սպառնական հարցրեց Հայաստանին.
-Դու Արտաշես կամ Տիգրան Մեծ անունով թագավորներ ունեցե՞լ ես պատմության մեջ:
-Ունեցել ենք, — պատասխանեց Հայաստանը վախեցած:
-Իսկ դրանք ամենամեծ աշխարահակալներն են եղել: Նրանք արշավել են, հասել մինչև Պաղեստին, ճանապարհին արցունք ու ավեր սփռելով: Շահ Աբասի ժամանակ էլի հայերի կեսը թափվել են Կասպից ծով՝ ազատվել են, իսկ Արտաշես աշխարհակալի և Տիգրան Մեծի օրոք բոլոր հրեաները բերվել են գերի և ձուվլել: Աշխարհակալի լավը կլինի՞… Ա՜, ուրեմն դու ունեցել ես այդպիսի թագավորներ: Եվ հետո էլ եկել, ուզում ես ազատվել բռնակալների լծից, հրամայում ես բռնել սրա-նրա ականջից: Եթե այս բանը չիմանայի, ուրեմն, պիտի բռնեի խեղճ Թուրքիայի ականջից և մեղանչեի արդարության դեմ: Քեզանից են ծնվել առաջին աշխարհակալները, նրանց հետևել են աշխարհի բոլոր մյուս աշխարհակալները: Եվ որպեսզի հեռու մնաս նման թագավորներից, բարի եղիր ականջներդ ինձ դարձնել, որ ամբողջ ուժովս ոլորեմ:
Եվ ոլորեց՝ ասելով.
-Երբ ուժեղ ես՝ աշխարհակալ ես, երբ թույլ ես՝ արդարություն ես որոնում: Ե՞րբ պիտի հասկանաս, որ դա աշխարհի օրենքն է:
Ասաց ու դուրս արեց իր «բալիկին»:
Հայաստանը գնում էր հուսախաբ և մտքում կշտամբում էր աշխարհակալ թագավորներին:
-Ի՞նչ հիմարություն: Երկու թագավորի պատճառով լեզուս կարճացավ: Ասենք՝ այստեղ ես եմ մեղավոր: Ասա, ա՜յ Հայաստան, եթե չես կարող սկզբից մինչև վերջ տիրել աշխարհին, ինչո՞ւ երկու թագավորով աշխարհակալություն ես անում: Այդ նշանակում է պաս ուտել՝ ժաժիկ ուտել…
Առաջադրանքներ
- Տեքստում ինչպե՞ս են ներկայացված Ամերիկան, Հայաստանը, Թուրիքան, Արտաշեսն ու Տիգրան Մեծը։
Ամերիկան՝ իբր բարության մարմնացում, սակայն իրականում կեղծավոր և ինքնասեր։ Սկզբում պատրաստակամ է օգնել, բայց երբ տեղեկանում է Հայաստանի երբեմնի հզորությանը, դիրքորոշումը փոխում է՝ արդարությունը փոխարինելով շահադիտական մոտեցմամբ։
Հայաստանը՝ թշվառ, պատմական ցնցումներից տուժած և օգնության կարիք ունեցող ազգ, որը սակայն ունի անցյալում հզորություն և հաղթանակներ, որոնք այժմ իրեն իսկ վնասում են։
Թուրքիան՝ Հայաստանի թշնամին, ներկայացված է որպես դաժան և անարդար, սակայն Ամերիկան նրա դեմ ոչինչ չի անում՝ ձևացնելով, թե «ականջ չունի»։
Արտաշեսն ու Տիգրան Մեծը՝ ներկայացված են որպես հզոր պատմական թագավորներ, սակայն հենց այդ անցյալն է, որ ներկայումս Հայաստանի դեմ է գործվում։ Նրանց արշավանքներն օգտագործվում են արդարությունը մերժելու համար - Ըստ քեզ՝ արդյո՞ք Ամերիկան ինքին արդարացնում է, երբ ասում է՝ «երբ ուժեղ ես՝ աշխարհակալ ես, երբ թույլ ես՝ արդարություն ես փնտրում»:
Ամերիկան այդ խոսքով իրեն է արդարացնում։ Նա ցույց է տալիս, որ ուժը գերադասում է արդարությունից և այդպիսով արդարացնում է իր անգործությունը՝ ասելով, որ աշխարհում ուժեղը թելադրում է օրենքը, իսկ թույլը՝ պարզապես արդարություն է փնտրում, բայց՝ անօգուտ։ - Գտիր այն հատվածները, որտեղ երևում են հեղինակի հեգնանք ու սարկազմը։
Ամերիկան սաստիկ բարի էր դարձել: Երազումս, իհարկե:
Ըստ տեքստի իրականում Ամերիկան բարի չէ։
Թուրքիան… ակա՜նջ չունի:
Այս խոսքում Ամերիկան ձևացնում է, թե Թուրքիային չի կարող պատժել, որովհետև «ականջ չունի»։
-Զարմանալի է, որ Աստված չէր նախատեսել այդ հանգամանքը և համապատասխան քանակով երեսներ չէր տվել քեզ, փոքրիկս: Աստված ամենագետ է և պիտի հաշվի առներ քո թշնամիների թիվը քեզ ստեղծելիս:
Սարկազմը այստեղ իբրև Հայաստանը չկարողացավ պաշտպանվել իր թշնամիներից, քանի որ չկարողացավ հնազանդվել բոլորին։ - Ո՞րն է պատմվածքի հիմանական քննադատական միտքը։
Պատմվածքի հիմնական քննադատական միտքն այն է, որ աշխարհում արդարությունը չէ, որ իշխում է, այլ ուժը։ Պատմվածքում ասվում է, իբրև ուժեղներն ազատ են անարդարություն գործելու, մինչդեռ թույլերը մնում են անպաշտպան։ - Համեմատիր այս տեքստում նկարագրված «երազային Ամերիկան» և դասական Ամերիկյան երազանքի պատկերացումը (աշխատասիրությամբ հաջողության հասնել, ազատություն, հավասար հնարավորություն)։
Պատմվածքում Ամերիկան ոչ թե իրական բարօրության ու արդարության խորհրդանիշ է, այլ աշխարհում ուժի և շահի։ Մինչդեռ Ամերիկյան երազանքի պատկերացումը նշանակում է ազատություն։