Թունավոր թափոններ 

Թունավոր թափոնները այնպիսի թափոններ են, որոնք վտանգավոր են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Դրանք կարող են առաջանալ տարբեր աղբյուրներից՝ գործարաններից, հիվանդանոցներից, գյուղատնտեսությունից և անգամ մեր առօրյա կյանքից։ Օրինակ՝ քիմիական նյութեր, հին մարտկոցներ, դեղերի մնացորդներ և ներկեր։ Այս թափոնները շատ վտանգավոր են, քանի որ կարող են աղտոտել հողը, ջուրը և օդը։ Արդյունքում վնասվում են բույսերը, կենդանիները, ինչպես նաև մարդիկ կարող են հիվանդանալ։ Թունավոր նյութերը կարող են երկար ժամանակ մնալ բնության մեջ և դժվարությամբ քայքայվել։ Թունավոր թափոնների վնասը նվազեցնելու համար անհրաժեշտ է դրանք ճիշտ հավաքել և մշակել։ Պետք է չթափել վտանգավոր նյութերը սովորական աղբի մեջ, այլ առանձնացնել և հանձնել հատուկ վայրեր։ Կարևոր է նաև նվազեցնել նման նյութերի օգտագործումը և հնարավորության դեպքում վերամշակել դրանք։

Համո Սահյան բանաստեղծություններ

«Կա մի թուլություն»
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Բանաստեղծությունը կապվածության մասին է։ Հեղինակը չի կարողանում հաղթահարել իր զգացմունքը, նույնիսկ եթե դիմացինը վատ է վերաբերվում, նա շարունակում է բարություն անել։ Նա իր զգացմունքները հասկանում է, բայց չի կարողանում արտահայտել։

«Կգամ»
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Այս բանաստեղծությունը նվիրված է սիրուն և նվիրվածությանը։ Հեղինակը ասում է, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ չլինի, տանջված լինի կամ մոռացված միևնույն է կգա։ Նա պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները, նույնիսկ մահը կամ հեռավորությունը, միայն թե հասնի սիրելի մարդուն։

«Ես կուզեի»
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես:

Այս բանաստեղծությունը սիրո և նվիրվածության մասին է։ Հեղինակը ցանկանում է իր ունեցած ամեն ինչ, նույնիսկ վերջին հացը, արցունքը, սիրտը, կյանքը, կիսել սիրելի մարդու հետ։ Բայց վերջում հասկանում է, որ ամեն ինչ միայն իր ցանկությունից չէ կախված, եթե դիմացինը չի ուզում, իր սերը կարող է անպատասխան մնալ։

«Կուզես պայթիր»
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Այս բանաստեղծությունը խոսում է սրտի և զգացմունքների արժեզրկման մասին։ Հեղինակը ասում է, որ այսօր մարդիկ այլևս չեն գնահատում սիրտը, բարությունը և անկեղծ զգացմունքները։ Ինչքան էլ սիրտը տառապի կամ փորձի, միևնույն է «կպարտվի»։

«Վշտացել եմ ամեն ինչից»
Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:

Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:

Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:

Այս բանաստեղծությունը մարդու հոգնածության և հիասթափության մասին է։ Հեղինակը ասում է, որ ամեն ինչ ապրել է՝ ուրախություն, տխրություն, ոգեշնչում, հիասթափություն։ Բայց այդ ամենից հետո նա արդեն հոգնել է և «կշտացել» ամեն ինչից։