Սողունների ներքին կառուցվածքը
Սողունները հանդիսանում են ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր կենդանիները: Ցամաքում գտնելով բավարար քանակությամբ կեր և չունենալով մրցակիցներ, նրանք սկսեցին արագ հարմարվել նոր պայմաններին: Ցամաքային կենսամիջավայրում գոյությունը ուներ իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել սողունները:
Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

1. Բարդ և նուրբ շարժումների կարգավորում և կոորդինացիա. լավ զարգացած ուղեղիկը և առջևի ուղեղը թույլ են տվել հաղթահարել տվյալ խնդիրը:
2. Ինտենսիվ տեղաշարժ ցամաքում. սողունների կմախքում գոտիների և վերջույթների զարգացումը հնարավոր են դարձրել ակտիվ տեղաշարժը:
3. Շրջակա միջավայրի արագ ընկալում և արձագանքում. զգայարանների՝ հատկապես աչքի և ականջի զարգացումը թույլ տվեցին լավագույնս ընկալել միջավայրը:
4. Բազմացման գործընթացի անկախացումը ջրային միջավայրից. ներքին բեղմնավորումը և ձվի առաջացումը հաղթահարեցին ջրի անհրաժեշտությունը:

Մարսողական համակարգ
Սողունները հիմնականում գիշատիչ օրգանիզմներ են, որոնք որս են կատարում: Սնվում են հոդվածոտանիներով, ձկներով, երկկենցաղները՝ նաև թռչուններով և կաթնասուններով:
Մարսողական համակարգը կազմված է երկկենցաղներին բնորոշ բաժինների նույն հերթագայությունից՝
1. բերան,
2. բերանակլանային խոռոչ,
3. կերակրափող,
4. ստամոքս,
5. 12-մատնյա աղիք,
6. բարակ աղիք,
7. հաստ աղիք,
8. ուղիղ աղիք,
9. կոյանոց,
10. կոյանցք:
12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ:
Սողունները ունեն լեղապարկ, որը կուտակում է լյարդի արտադրած լեղին, խտացնում և ուղարկում է մարսողական ուղի:
Կոյանոցը ուղիղ աղիքի լայնացում է, որի մեջ բացվում են միզածորանները և սեռական գեղձերի արտատար ծորանները:

Բերանում գտնվում են սողունների ատամները, որոնք բռնում, պահում կամ հոշոտում են որսը:
Ուշադրություն
Թունավոր օձերի վերին զույգ ատամները խողովակավոր են, խոշոր, որոնցով հոսում է թույնը:
Սողուններն ունեն երկար, շարժուն, երբեմն երկճյուղ, հիմնականում բերանից դուրս եկող լեզու: Լեզուն բացի նրանից, որ որս կատարող հիմնական հարմարանքն է, հանդիսանում է նաև շոշափելիքի օրգան:
Սողունների մի մասը կերը կուլ է տալիս ամբողջությամբ, օրինակ՝ օձերը, մողեսները, իսկ մյուս մասը պատառոտում է սուր ատամներով՝ կոկորդիլոսներ, վարաններ, կրիաներ:
Սողունների մարսողությունը դանդաղ է կատարվում և ուղիղ համեմատական է մարմնի ջերմաստիճանին:
Քանի որ սողունները սառնարյուն են, իսկ նրանց մարմնի ջերմաստիճանը պայմանավորված է միջավայրի ջերմությամբ, նրանք կարող են սնունդը մարսել մինչև մեկ ամսվա ընթացքում:

Արտազատական համակարգ
Սողունների արտազատությունը գրեթե ամբողջովին նույնն է, ինչ երկկենցաղների մոտ: Մեզը պինդ, շիլայանման զանգված է, որը պարունակում է միզաթթու:
Արտաթորության օրգանները ողնաշարի երկու կողքերին գտնվող մեկ զույգ երիկամներն են:
Արտազատական համակարգը ունի նույն կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.
1. արյունատար անոթների մուտք մարմնի խոռոչում տեղակայված զույգ երիկամներ,
2. երիկամներում արյան կազմի հեղուկ արգասիքներից մեզի ձևավորում,
3. մեզի հոսք դեպի միզածորաններ և անցում կոյանոց,
4. կոյանոցից մեզի անցում դեպի միզապարկ և մեզի խտացում,
5. շիլայանման մեզի տեղափոխում միզապարկից կոյանոց և հեռացում օրգանիզմից:

Շնչառական համակարգ
Սողունների շնչառական համակարգը կազմված է հետևյալ օրգանների հաջորդական ամբողջությունից.
1. քթանցքեր
2. կոկորդ
3. շնչափող
4. զույգ բրոնխեր
5. զույգ թոքեր
Ուշադրություն
Սողունները շնչում են միայն թոքերով:
Թոքեր — որպես իսկական ցամաքային օրգանիզմներ՝ սողուններին բնորոշ են ներքին ծալքավոր մակերես ունեցող թոքեր:
Գազափոխանակություն — սողունների թոքերի ընդհանուր մակերեսը, շնորհիվ խորը ներքին ծալքերի, բավական մեծ է: Այդ պատճառով սողունների գազափոխանակությունը օդի հետ կատարվում է միայն թոքերում:
Շնչառական շարժումներ — սողունների միջկողային մկանները ապահովում են շնչառական շարժումների՝ ներշնչման և արտաշնչման հնարավորությունը:

Արյունատար համակարգ
Սողուններն ունեն փակ արյունատար համակարգ և սառնարյուն կենդանիներ են:
Սողունները, բացառությամբ կոկորդիլոսների, ունեն եռախորշ սիրտ՝ կազմված 2նախասրտից և 1փորոքից: Փորոքը ունի ոչ լրիվ միջնապատ:
Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները քիչ են խառնվում և նրանք, ի տարբերություն գորտերի, ստանում են ավելի շատ թթվածին:
Փորոքից դուրս են գալիս՝
Թոքային զարկերակը — արյունը գնում է թոքեր
Աորտային աջ և ձախ աղեղները — արյունը գնում է հյուսվածքներ
Անոթների հատուկ դասավորության շնորհիվ միայն ուղեղը ստանում է մաքուր զարկերակային արյուն:
Սողուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքից:
Սողունների փորոքում առկա է խառը արյուն:
Արյունը փոքր շրջանով գնում է թոքեր, հարստանում թթվածնով և վերադառնում է ձախ նախասիրտ:
Արյունը մեծ շրջանով թթվածին է տալիս հյուսվածքներին, հարստանում ածխաթթու գազով և վերադառնում աջ նախասիրտ:
Սողունի սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով:

Նյարդային համակարգ
Սողունների նյարդային համակարգը նման է երկկենցաղներին, կազմված է՝
I. գլխուղեղից — պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:
II. ողնուղեղից — պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում:
III. նյարդերից — դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:
Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են գրեթե նույն գործընթացները և ունեն նույն հերթագայությունը, ինչ երկկենցաղները:
1.Երկարավուն ուղեղ — ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:
2.Միջին ուղեղ — ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները:
3.Միջակա ուղեղ — ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը:
4.Ուղեղիկ — ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:
5.Առջևի ուղեղ — կազմված է երկու կիսագնդերից, որոնց վրա նկատվում են գորշ նյութի կուտակումներ:
Գորշ նյութը պայմանավորում է նրանց առավել բարդ վարքագիծը և պայմանական ռեֆլեքսների առկայությունը:
Ուղեղիկը լավ է զարգացած, քանի որ կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանեցումը:

Զգայարաններ
Սողուններն ունեն 4 զգայարան՝ I. տեսողական, II. լսողական, III. հոտառական, IV. շոշափելիքի:
Տեսողական զգայարան — գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են, որոնք ունեն կոպեր: Մողեսներն ունեն նաև 3-րդ՝ թարթող կոպ:
Լսողական զգայարան — սողունները ևս բացի ներքին ականջից ունեն նաև միջին ականջ: Միջին ականջը սահմանազատվում է թմբկաթաղանթով, որը գտնվում է փոսիկի մեջ:
Հոտառական զգայարան — գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը:
Շոշափելիքի զգայարան — արդեն նշել ենք, որ լեզուն սողունների շոշափելիքի օրգանն է:



















