Վանի թագավորություն և Սարդուրի I
Ք․ա․ 830-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի տարածքում կային մի շարք փոքր պետական կազմավորումներ, որոնք կազմում էին համադաշնություններ։ Դրանցից ամենամեծը Արարատյան դաշտում, Սյունիքի մարզում և Սևանա լճի ավազանում տարածվող Էթիունի երկրի համադաշնությունն էր՝ Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Մյուսը Դիաուխիի (Տայք) շրջանում կազմավորված համադաշնությունն էր լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում։ Երրորդը հարավում էր՝ Վանա լճի ավազանի Նաիրի թագավորության շուրջ։ Սա Վանի թագավորության նախնական վիճակն էր։ Վերոնշյալ թվականներին Նաիրին ունեցավ նոր մայրաքաղաք՝ Տուշպան (Տոսպ, Վան), որը կառուցեց Սարդուրի I-ը (մ․թ․ա․ մոտ 835-825թթ․)։ Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, հայկականներում՝ Նաիրի կամ Բիայնիլի։ Աստվածաշնչում այն նշվում է Արարատյան թագավորություն անվամբ։ Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը ձգվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
Իշպուինի
Սարդուրի I-ի որդի Իշպուինին մ․թ․ա․ մոտ 825-810 թվականներին դառնում է Տուշպա-Վանի արքա և մեկը մյուսի հետևից իրականացնում է բարեփոխումներ, որոնք շարունակվում են նաև Մենուայի գահակալության ընթացքում։ Սկզբնական շրջանում միայն Իշպուինին էր սրանց հեղինակը, սակայն հետագայում նրան միացավ որդին՝ Մենուան, ինչը փաստում են համատեղ արձանագրությունները։ Տեղական սեպագրի ստեղծումը տեղի է ունեցել նրա գահակալության առաջին շրջանում (գրային բարեփոխում), իսկ կրոնական բարեփոխումը՝ (միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը) երկրորդ շրջանում։ Այս պատճառով էլ դիցարանի արձանագրումը Խալդյան դարպասի վրա (այժմ՝ Մհերի դուռ) երկուսի անունով է։ Ռազմական բարեփոխումներ ևս տեղի ունեցան Իշպուինիի օրոք։ Դաշնային աշխարհազորը փոխարինվեց կանոնավոր բանակով, որը նաև ավելի մարտունակ էր և բաժանված էր ըստ զորատեսակների։ Սրա շնորհիվ նա ընդլայնեց թագավորության տարածքը՝ դրա մեջ ընդգրկելով Արդինի-Մուսասիր երկիրը և Հայկական Պար լեռնաշղթայի հարավային լանջերը (որը դարձավ թագավորության հյուսիսային սահմանը)։
Մենուա
Մենուան թագավորեց մ․թ․ա․ մոտ 810-786 թվականներին և այդ շրջանում հասցրեց մեծ բարեփոխումներ կատարել։ Նրա անունը մեզ հայտնի է հատկապես 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը կառուցելու համար, որը մինչ օրս օգտագործվում է։ Հայտնի է նաև ռազմավարական խոշոր մի հենակետ կառուցելու համար Արաքս գետի աջ ափին, որը կոչվել է Մենուախինիլի։ Մենուան հյուսիսարևմտյան սահմանների ամրապնդման համար արշավում է դեպի Դիաուխի (Տայք) և այն դարձնում հարկատու։ Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հասնում է մինչև Ասորեստան, արևմուտքում՝ Եփրատից այն կողմ, և հարկատու են դարձնում Մելիտեայի (Մալաթիա, Մելիդ) թագավորությունը։ Ուրմիո լճի հարավում գտնվող Մանայի թագավորությունն ընդունում է Մենուայի գերիշխանությունը, իսկ Ասորեստանն անընդհատ փորձում է խոչընդոտել Մենուայի քայլերը, բայց մ․թ․ա․ 791 թվականին վերջնականապես ձախողում է։ Այսպիսով՝ Մենուան հաղթանակ է տանում Ասորեստանի՝ տարածաշրջանի մեծագույն տերության նկատմամբ՝ դարձնելով Վանի թագավորությունը գերտերություն, միավորելով հայկական գրեթե բոլոր մանր թագավորությունները։
Արգիշտի I
Արգիշտի առաջինը գահակալել է մ․թ․ա․ մոտ 786-764 թվականներին և այդ ընթացքում հասցրել է Վանի թագավորությունն իր հզորացման գագաթնակետին։ Մ․թ․ա․ 785-783 թվականներին նա արշավում է դեպի Դիաուխի և թագավորությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունները: Հետագայում նա խոշոր արշավանք է կազմակերպում դեպի արևմուտք՝ Փոքր Ասիա, գրավում է Մելիտեան ու այլ երկրներ, վերադառնում է հազարավոր ռազմագերիներով ու մեծ ռազմավարով։ Մ․թ․ա․ 782 թվականին զորքերը շարժվում են դեպի Աղստևի հովիտ։ Նույն թվականին հիմնադրվում է Էրեբունի ամրոցը։ Մ․թ․ա․ 781 թվականը նույնպես հիշարժան էր․ Արգիշտի արքան պարտություն է մատնում ասորեստանյան զորքերին ու շարժվում է դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով Պարսուա (Պարսք) և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Սրա շնորհիվ Ասորեստանը 3 կողմից շրջապատվում է Հայաստանով։ Արգիշտի I-ը ստեղծում է Վանի աշխարհակալությունը։













