Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ
բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։ Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։
Ածանցները այն մասնիկներն են, որոնք, ավելանալով բառահիմքին, նոր բառ
են կազմում: Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և
ըստ դրա էլ առանձնացվում են նախածանցներ և վեջածանցներ, օրինակ՝ անտուն
բառում ան- ածանցը նախածանց է, որովհետև ավելացել է սկզբից, իսկ տնակ
բառում -ակ-ը վերջածանց է, որովհետև ավելացել է վերջից։
Ածանց ավելացնելու միջոցով բառ կազմելու եղանակը կոչվում է ածանցում։
Ան — անզեն, անտուն, անգութ համ – համալսարան, համանուն
ապ — ապերախտ, ապօրինի, ապուշ մակ – մակերես, մակդիր, մականուն
արտ- արտասահման, արտաշնչել նախ — նախօրյակ, նախադեպ
բաց — բացառություն, բացակայել ներ – ներգրավել, ներածել
գեր- գերադասել, գերակշռել չ- չխոսկան, չկամ, չբեր
դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ պար – պարագիծ, պարփակել
ենթ-ենթարկել, ենթակա, ենթագլուխ ստոր- ստորադասել, ստորակարգ
ընդ-ընդգծել, ընդհատել վեր – վերանայել, վերանորոգել
հակ- հակադիր, հակակշիռ տ – տգեղ, տգետ, տհաս
Առավել գործածական վերջածանցներից են հետևյալները։
Ակ, իկ, ուկ – լճակ, շնիկ, գառնուկ յակ- տասնյակ, շաբաթօրյակ
ական, ային – տնական, ծովային յան- երևանյան, Գևորգյան
անք, ունք – հարգանք, ծաղկունք ում, մունք – շարժում, սխալմունք
ավետ, ավոր – հոտավետ, թունավոր ստան- այգեստան, Հայաստան
արան — դասարան, լսարան ված, վածք – քերթված, գործվածք
ալի, ելի – ուրախալի, եղկելի ոց, անոց — դպրոց, հիվանդանոց
բար, պես, որեն – մեղմաբար,
մեծապես, վեհորեն
ություն – մեծություն, վեհություն
գին – ուժգին, ցնծագին ուհի – հայուհի, աշակերտուհի
ե, յա — փայտե, թիթեղյա ուն – խոսուն, կպչուն
ենի — բալենի, խնձորենի ցի, եցի, ացի – լեռնցի, սարեցի, գյուղացի
եղեն – կանաչեղեն, ոսկեղեն ք – վազք, խելք, միտք
Առաջադրանքներ՝
- Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:
Փոքրիկ քոթոթը անօգնական տեսքով նայում էր անցորդներին՝ սպասելով մի կտոր հացի։
Հետազոտողները գիտականորեն ապացուցեցին նոր հայտնաբերված դեղամիջոցի արդյունավետությունը։
Այս նախագիծը տեսականորեն անթերի է, սակայն գործնականում կարող են ի հայտ գալ անսպասելի խոչընդոտներ։
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։
Նախածանց-Անհայտ, հակաթույն, տգեղ, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, անհարմար, ապաշնորհ, անթիվ։
Վերջածանց-Խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հարակից, հայրական, ներգրավում, տրամագծորեն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, մորթեղեն։
Ե՛վ նախածանց և՛ վերջածանց-Անմտություն, վերահաշվում, անհավատալի, դժգոհություն, համատեղություն։