Սպարապետ Վարդան Մամիկոնյանի մասին

Վարդան Մամիկոնյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վարդան Մամիկոնյանը եղել է սպարապետ։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի զորավար։ 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ:

Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատՀազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ:
Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:
Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ:

450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակառակ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը։ Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի:

Ճակատամարտը տեղի է ունեցել 451թ-ի մայիսի 26-ին, վաղ առավոտյան՝ Ավարայր գյուղի մոտ։ Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները:

ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար:
Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սուրբ Վարդանանք:
Աղբյուր՝
Հայկական Հանրագիտարան
Հայ գենի հաղթանակը

Իմ կարծիքը Վարդան Մամիկոնյանի մասին՝
Իմ կարծիքով Վարդան Մամիկոնյանի շնորհիվ, հայ ժողովուրդը ոչ միայն հաղթեց Ավարայրի ճակատամարտում, այլև հաղթանակ տարավ հավատի դեմ ուղղված կռվում։ Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը տարավ բարոյական հաղթանակ, որը պատահական ընտրված բառ չէ։ Եվ ինչպես ասել է Ավարայրի բլբուլ Եղիշեն․ << որովհետև ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին․․․>>, սակայն հայ հավատը ամուր կառչած մնաց հայ հողին ի շնորհիվ Վարդան Մամիկոնյանի։ Վարդան Մամիկոնյանի կերպարը ոգեշնչել է Դերենիկ Դեմրճյանին, ով Ավարայրի արծվի բնութագիրը ամբողջացրել է իր <<Վարթանանք>> պատմավեպում։