Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում
Մարդու ներշնչած և արտաշնչած օդի բաղադրություններն իրարից խիստ տարբերվում են:

Ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրությունը:
| Գազեր | Ներշնչվող օդ | Արտաշնչվող օդ |
| Թթվածին | 20,94% | 16,3% |
| Ածխաթթու գազ | 0,03% | 4% |
| Ազոտ | 79,03 % | 79,03% |
Ներշնչման և արտաշնչման ճշգրիտ, ռիթմիկ հերթափոխման շնորհիվ թոքերում և թոքաբշտերում պահպանվում է կայուն գազային բաղադրություն:

Գազափոխանակությունը թոքերում: Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:
Մյուս կողմից` թոքաբշտեր մտնող թթվածնի քանակն ավելի բարձր է, քան դրանց պատերի մազանոթներում պարունակվող արյան մեջ: Այդ պատճառով թթվածինը թոքաբշտից դիֆուզիայի եղանակով անցնում է մազանոթների երակային արյան մեջ և CO2-ից ազատված հեմոգլոբինի հետ առաջացնում ոչ կայուն միացություն` օքսիհեմոգլոբին:
Այսպես երակային արյունը, դանդաղ շարժվելով մազանոթներով, թոքաբշտերում աստիճանաբար հարստանում է թթվածնով և վերածվում զարկերակային արյան, որը թոքային երակներով լցվում է ձախ նախասիրտ:

Գազափոխանակությունը հյուսվածքներում կատարվում է նույն սկզբունքով: Մազանոթների ներսում թթվածնի խտությունն ավելի բարձր է, քան հյուսվածքային հեղուկում: Այդ պատճառով թթվածինը անջատվում է հեմոգլոբինից և մազանոթներով անցնում է հյուսվածքային հեղուկ, ապա բջիջներ, որոնցում մասնակցում է օրգանական նյութերի քայքայմանը, իսկ այդ գործընթացում անջատված էներգիան օգտագործվում է բջիջների կենսագործունեության համար:
Բջիջներում անընդհատ տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացում առաջանում է ածխածնի երկօքսիդ: Վերջինիս խտությունը լինում է ավելի բարձր, քան միջբջջային տարածքում գտնվող հեղուկում: Դրա հետևանքով ածխածնի երկօքսիդը բջջից անցնում է նախ՝ միջբջջային հեղուկ, այնտեղից` մազանոթ, որտեղ ազատված հեմոգլոբինը միանում է ածխածնի երկօքսիդին` առաջացնելով ոչ կայուն միացություն` կարբոհեմոգլոբին:
Թոքերում ածխածնի երկօքսիդը բարձր խտության միջավայրից (երակային արյուն) անցնում է թոքաբշտեր, որտեղից հեռացվում է արտաշնչման միջոցով:

Միջավայրի վնասակար գազերի ազդեցությունը: Միջավայրի վնասակար գազերը, ընկնելով թոքեր, հաճախ առաջացնում են կայուն միացություններ և պահվում հյուսվածքներում: Այդպիսի դեպքերում թունավորման վտանգը կախված է ոչ միայն վնասակար նյութերի քանակից, այլև այդ միջավայրում մարդու մնալու տևողությունից: Մթնոլորտի օդում վնասակար նյութեր կարող են լինել արդյունաբերական գազային թափոնները, ավտոմեքենաների արտանետումները, կենցաղում օգտագործվող լաքերը, ներկերը և այլ տեսակի ցնդող գազերը:
Վնասակար գազերից է ածխածնի մոնօքսիդը` CO-ն կամ շմոլ գազը, որը հեմոգլոբինի հետ առաջացնում է կայուն միացություն և օրգանիզմում զարգացնում է թթվածնային քաղց: Երկարատև թթվածնային քաղցը կարող է մահվան պատճառ դառնալ:













