Դեպի Աստղիկի և Վահագնի ջրվեժներ, Հավուց Թառի վանք

Ես, ուսուցիչներս և ընկերներս մայիսի 16-ին իրականացրեցինք քայլարշավ։ Ի սկզբանե նախատեսված էր քայլել 5 կմ, բայց եղանակի ոչ բարենպաստ պայմանների պատճառով քայլեցինք 11 կմ։ Սկզբում բարձրացանք դեպի Հավուց Թառ մեզ ուղեկցող շների հետ։ Ճանապարհը մի փոքր բարդ էր, քանի որ անձրևում էր, հողը սայթաքուն էր դարձել, իսկ որոշ հատվածներում դժվարությամբ էինք առաջ շարժվում, բայց ի վերջո կարողացանք հաղթահարել ամեն ինչ։ Ճանապարհին հիանում էինք բնության գեղեցկությամբ, լսում թռչունների ձայները և վայելում մաքուր ու սառը օդը։ Անձրևից հետո ամբողջ տարածքը ավելի գեղեցիկ ու թարմ էր թվում։ Երբ հասանք վանքին, հանգստացանք, ընդմիջեցինք, նկարվեցինք և մի փոքր շրջեցինք տարածքում։ Վանքի հին պատերը շատ հետաքրքիր ու տպավորիչ էին։ Վերադառնալուց հետո բեռնատարով գնացինք այն վայրը, որտեղից պետք է բարձրանայինք դեպի Աստղիկի ջրվեժ և Վահագնի ջրվեժ։ Այդտեղից շարունակեցինք մեր ճանապարհը։ Ճանապարհին նույնպես վայելեցինք բնությունը, տեսանք կանաչ ծառեր և լեռներ։ Եվ նաև անցանք գետը ծառի ճյուղի վրայով, որը մեզ համար դժվար էր, բայց մեզ ուղեկցողի և ընկերների շնորհիվ կարողացանք նաև դա անել։ Երբ հասանք ջրվեժներին, հիացանք նրանց գեղեցիկ տեսարանով և երկար ժամանակ դիտում էինք ջրի հզոր հոսքը։ Այնտեղի օդը զով էր և հաճելի։ Քայլարշավը ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև ուսուցողական, քանի որ ավելի մոտիկից ծանոթացանք Հայաստանի բնությանը և պատմական վայրերին։